Քաղաքական որոշումը կայացված է. ինչո՞ւ էր անցումային արդարադատության ջատագով փորձագետ Ռուբեն Կարանզան «ցրում» անհարմար հարցերը

Այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովի կողմից հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։

Որպես հիմնական բանախոս՝ հանդես եկավ անցումային արդարադատության վերաբերյալ, թերևս, ամենահայտնի, ամենամեջբերվող և այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։

Հատկանշական է, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ։

Սա պարոն Կարանզայի առաջին այցը չէ Հայաստան։ Դեռևս անցած տարվա հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի («Սորոսի հիմնադրամ») փորձագետներին։ Պարոն Կարանզայի անունը չէր առանձնացվում, սակայն նրա թվիթերյան գրառումներից և հարցազրույցներից պարզ երևում է, որ նա ևս եղել է փորձագետների կազմում։ Այս լուրը սպրդել էր լրահոսից և անուշադրության մատնվել։

Ինչպես երեկ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էր իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել, «Հետաքրքիր են պարոն Կարանզայի դիրքորոշումները Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ.

-Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխությամբ վերջ է դրվել ավտորիտար ռեժիմին (02.10.2018թ․ թվիթերյան գրառում)։

– Նա Հայաստանում վեթինգի իրականացման ջերմ աջակից է, քանի որ ըստ նրա՝ նախկին ռեժիմի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, այդ թվում՝ դատավորներ և դատախազներ են (11.09.2018թ․ հարցազրույց)։

– Վարչապետի հարյուր օրվա հանրահավաքից անմիջապես հետո նա իր դիրքորոշումն է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ (17.08.2018թ․ հարցազրույց)»։

Ուշագրավ է, որ այսօր Խորհրդարանում լսումների ժամանակ որոշ հարցերի պատասխաններ Ռուբեն Կարանզան անտեսում էր, ինչի մասին նաև  լրագրողներից մեկը բարձրաձայնեց՝ վերջինիս հիշեցնելով, որ խոսքն այն մասին էր, թե որքանո՞վ է իրավիճակը Հայաստանում նման այն երկրների իրավիճակին, որոնցում ինքը ուսումնասիրություն է կատարել, ապա տվեց իր հարցը, թե որո՞նք են այն չափանիշերը, որոնք իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանում ավտորիտար ռեժիմ է, և արդյո՞ք Հայաստանի ներկա իրավիճակի մասին ինքը զեկույց ներկայացնելու է, եթե ներկայացնելու է, ապա դրանում արդյո՞ք ներառված են եղել 2018թ. Երևանում տեղի ունեցած իր հանդիպումները, և դրանք միայն իշխանակա՞ն թևի հետ են եղել, թե՞ նաև ոչ իշխանական կամ փորձագիտական շերտերի հետ, և, որ ամենակարևորն է, ինքը Հայաստան է եկել անցումային արդարադատություն այստեղ իրականացնելու վերդիկտո՞վ, թե՞ դեռևս ուսումնասիրություններ կիրականացնեն։

Ներկայացնենք Ռուբեն Կարանզայի պատասխանը:

«Ես վստահ չեմ, որ հասկացա, թե ինչո՞ւ անդրադարձ կատարվեց 2008թ.-ին։ (2008թ. մասին հարցի մեջ խոսք չի գնացել,- 168.am)։ Ես երբեք չեմ եղել Հայաստանում մինչ 2018 թվականը։ Պատճառը, որ ես նշեցի մի քանի երկրներ՝ Պերու, Թունիս, Ֆիլիպիններ… Սրանք երկրներ են, որոնք առաջացել են ավտորիտար կառավարություններից։ Չեմ կարծում, որ կա հստակ չափման միավոր ավտորիտարիզմի, որ մենք հստակ ասենք, որ այս երկիրը ավտորիտար է, մյուս երկիրը ավելի պակաս ավտորիտար է, բայց դու կարող ես համեմատել կառավարությունները, գուցե կարողանաս դասակարգել նրանց, բայց դա հստակ չի լինի։ Կարևոր է ասել, որ նույնիսկ երկրները, ինչպիսին Կանադան է… Ավստրալիայում եղել են անցումային արդարադատության գործընթացներ, որովհետև այնտեղ եղել էին հատուկենտ իրավախախտումներ։

Եկեք ճիշտ հասկանանք, որ պարտադիր չէ, որ անցումային արդարադատությունն  իրականացվի միայն այն երկրներում, որոնք ղեկավարվում են Սադամ Հուսեյնի կամ Ալբերտո Ֆուջիմորիի նման ղեկավարների կողմից, դա կարող է տեղի ունենալ այն երկրներում, հասարակություններում, որտեղ շարունակաբար գրանցվել են իրավախախտումներ կամ եղել է մարդու իրավունքների խախտումների պատմություն, որոնք պահանջում են իրավական գործողություններ:

Անկախ նրանից, թե դու դասակարգում ես Հայաստանը՝ որպես շատ ավտորիտար կամ պակաս ավտորիտար, վերջին 10 տարիների ընթացքում եղել են մարդու իրավունքների խախտումներ, կոռուպցիա հասարակության ներսում, և սրանք խախտումների այն տեսակներն են, որոնք պետք է պատասխան ստանան անցումային արդարադատության իրականացման միջոցով»,- պատասխանեց նա։

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ միջազգային փորձագետը հարցերին ամբողջական պատասխան չտվեց, լղոզեց դրանք։ Մենք չլսեցինք ոչ Հայաստանի ներկա վիճակի մասին զեկույցի առկայության, ոչ նրա հայաստանյան հանդիպումների, ոչ էլ անցումային արդարադատություն իրականացնելու՝ արդեն իսկ վերդիկտ ունենալու մասին հարցերի պատասխանները, սակայն քննարկումը նախագահող ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ում, թերևս, նույնպես ձեռնտու չէր լսել հնչեցրած հարցերի պատասխանները, արագորեն շնորհակալություն հայտնեց Ռուբեն Կարանզային ու հայտարարեց հարցուպատասխանի ավարտ։

Խորհրդարանական լսումների ձևաչափն ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձևավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների՝ արդեն իսկ հնչած հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխությունների անցումային արդարադատության գործիքների կիրառման մեկնարկի կոչերը, միայն անցումային արդարադատությանը խիստ ջատագով փորձագետների հրավիրումը քննարկումների, խոսում են այն մասին, որ նշված ինստիտուտի վերաբերյալ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում։

Այսինքն՝ շահագրգիռ քննարկում այս կամ այն դեպքում ակնկալելն անիմաստ է, որոշումը, ըստ էության, կայացված է, մնում է հասկանալ՝ իրականում ո՞ւմ շահերն է սպասարկելու անցումային արդարադատությունը, ի՞նչ է դա բերելու, ի՞նչ ցնցումների առջև է կանգնեցնելու երկիրը, և, որ ամենագլխավորն է, ո՞վ է լինելու դրա պատասխանատուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս