«Կասեցման որոշումը ֆորմալ բողոքարկման ենթակա է, ոչ ոք դա չի վիճարկում, բայց կասեցման հիմքում ընկած ՍԴ դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ». Վահագն Գրիգորյան

Այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան, քանի որ դատավորը գտել էր, որ կիրառվող նորմի հետ սահմանադրականությանն առնչվող հարց կա, քննարկվում էայդ որոշման իրավաչափության հարցը։

«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը առավել թեժացրեց իրավիճակը։

Իրավաբանների մեծ մասը կարծում է, որ դատավորի գործողություններն իրավաչափ են, իսկ կիրառվող նորմի սահմանադրականությունը բողոքարկելի չէ, սակայն ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որում ասվում էր, որ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը:

Դրան հետևեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանի պարզաբանումն այն մասին, որ այդ ՍԴ որոշումն ու քրեական գործով վարույթի կասեցումը բողոքարկման ենթակա չի, քանի որ այստեղ պետք է գործի ոչ թե Քրեական դատավարության օրենսգրքին վերաբերելի հոդվածներով նեղ մեկնաբանությունը, այլ «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքի դրույթների կիրառելիությունը։

168.am-ը այլ կարծիք լսելու ակնկալիքով դիմեց փաստաբան, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանին։

Վերջինս կարծում է, որ Դատախազությունն այստեղ հաշվի չի առնում, որ մենք գործ ունենք ոչ թե մի որոշման հետ, այլ երկու։ Իրականում գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումները երկու առանձին որոշումներ են՝ մեկ փաստաթղթի մեջ ձևակերպված։

«Կասեցման որոշումը ֆորմալ բողոքարկման ենթակա է, ոչ ոք դա չի վիճարկում, բայց կասեցման հիմքում ընկած ՍԴ դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, և հետևաբար, եթե դու բողոքարկում ես կասեցման որոշումը, քո բողոքն ի սկզբանե դատապարտված է մերժման, որովհետև քո բողոքարկած դատական ակտի հիմքում ընկած է մի որոշում, որն ինքնին անբողոքարկելի է, և քանի որ հիմքում ընկած որոշումը բողոքարկման ենթակա չէ, կասեցման որոշումը թեև ֆորմալ կարող է բողոքարկվել, բայց բողոքը չի կարող բավարարվել»,- ասաց Վ. Գրիգորյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանն իրավունք ունի կասեցնելու մասով տալ գնահատական, բայց իրավունք չունի ՍԴ դիմելու մասով որևէ գնահատական տալ, իսկ քանի դեռ ՍԴ դիմելու մասով որոշումն ուժի մեջ է, կասեցման մասով որոշումը պետք է մնա ուժի մեջ։

Փաստաբանը կարծում է, որ Դատախազությունը շատ տարածված թյուրըմբռնման մեջ է, քանի որ այն, որ միջանկյալ դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ Դատախազությունն ասում է, որ այն ենթակա է բողոքարկման, այդ մտքերն իրար չեն հակասում, դա չի վիճարկվում, մինչդեռ Դատախազությունը դրան առարկում է այն հիմքով, որ ենթակա է բողոքարկման. Այո, բողոքարկման ենթակա է, բայց ենթակա է՝ որպես կայացման պահից ուժի մեջ մտած միջանկյալ դատական ակտ։

168.am-ը Վահագն Գրիգորյանին խնդրեց մեկնաբանել նաև Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչը։

Ըստ բանախոսի՝ բացարձակ կարիք չկար իր ասելիքը տեղ հասցնելու համար արգելափակել դատարանների մուտքերը, և դա ավելի շատ ուժի ցուցադրություն էր գործադիրի կողմից։

«Ակցիայից դատական համակարգը որևէ եղանակով չի տուժել։ Տուժել են քաղաքացիները։ Այսինքն՝ այն մարդը, որն այդ օրը նիստ ուներ ժամը 9:00-13:30 հատվածում, իր նիստը չի կայացել և անորոշ ժամանակով հետաձգվել է։ Վարչապետն ասում է՝ կներեք, որ ձեր նիստերը մի քանի ժամով հետաձգվեցին, բայց դա այդպես չէ։ Ես օրինակ, նիստ ունեի 12:30, որը չի կայացել, և մինչ օրս չի էլ վերանշանակվել։ Ու ինձ նման՝ հարյուրավոր մարդիկ։ Ըստ իս՝ սա արդարադատության իրականացմանը խոչընդոտել է նշանակում, գործադիր իշխանության կողմից ճնշում դատական իշխանության վրա։ Կարծում եմ, որ սխալ ու մանիպուլյատիվ է այն հայտարարությունը, որ դատական իշխանությունը պետք է լինի ժողովրդի սրտով ու արտացոլի ժողովրդի կամքը, որովհետև ժողովուրդը շատ անուղղակի մասնակցություն է ունենում դատական իշխանության ձևավորմանը»,- ասաց Վ. Գրիգորյանը։

Նա շեշտում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ոչինչ չարեց, թեպետ պարտավոր էր միջոցներ ձեռնարկել, քայլեր կատարել, քանի որ  դատական իշխանության անկախությունն ուղղակիորեն սպառնալիքի տակ է դրված։

 

Տեսանյութեր

Լրահոս