Բաժիններ՝

«Բոլոր մարզերում և Երևանում, բացառությամբ մի քանի քաղաքների, կարգելվեն բեթշոփերը». Բաբկեն Թունյան

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող մի քանի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տրվեցին։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ սույն հարցի շուրջ կոնսենսուսի են հասել։ Մինչ քվեարկության անցնելը, նա նաև առաջարկությամբ հանդես եկավ.

«500 միլիոն դրամի երաշխիքը և կայքերի հասանելիության հետ կապված սահմանափակումները վերացնում ենք։  ՀՀ բոլոր մարզերում ու Երևան քաղաքում արգելում ենք բեթշոփերն ընդհանրապես՝ բացառությամբ մի քանի քաղաքների, ինչպես նախնական տարբերակում նշված է, բայց օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերից։ Մենք մեկ ու կես տարի այս ընկերություններին հնարավորություն ենք տալիս՝ ադապտացվեն նոր իրողություններին։  Ինչ վերաբերում է գազալցակայաններում տեղադրված սարքավորումներին, ապա դրանք հանում ենք անմիջապես օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում»։

Քվեարկությունը եղավ նախնական տարբերակի համար, իսկ փոփոխություններն ու լրամշակված տարբերակը, ինչպես տեղեկացրեց Բ. Թունյանը, կլինի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում։

«Մինչև 2020թ. նոյեմբերը բեթշոփերի փակվելու դրույթը կմտնի ուժի մեջ, մենք համատեղ կմշակենք ավելի գլոբալ օրենսդրական նախաձեռնություն, ավելի խորքային վերլուծություններով, որպեսզի հասկանանք՝ մենք էս խաղամոլության դեմ ինչպես ենք պայքարում, ինչ ենք ուզում անել»,-հավելեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Քվեարկությամբ որոշումն ընդունվեց։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանի նախագահությամբ, դեռևս ապրիլի 4-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ:

Այս մասին  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տարածած հաղորդագրության մեջ ասվում էր . «Քննարկմանը մասնակցել և օրենսդրական փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների և ՏՄՊՊ հանձնաժողովի ներկայացուցիչներ: Նախագծերով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում:

Ներկայումս վիճակախաղեր կազմակերպվում են երկրի ողջ տարածքում: ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, նշել է, որ այն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև խաղամոլության դեմ պայքարին: Նշվել է, որ նախագծերը նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը:

Օրենսդրորեն սահմանվում է նաև այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու օրինական կարգով սահմանափակել մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իրեն և իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունը: ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչ Արման Մանասերյանը տեղեկացրել է, որ վիճակախաղ կազմակերպող ընկերությունների համար պետական տուրքը կազմում է 500 մլն դրամ, և եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա պետական բյուջե մուտքերը կնվազեն»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս