«Ասենք թե՝ գրեցին, ու ի՞նչ, այս ամենն ինչի՞ համար է». փաստաբանը՝ Լենա Նազարյանի հայտարարության մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը lragir.am-ին տված հարցազրույցում ասել է՝ «Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել: Կոռումպացված, անպատկառ վարքով ու տգետ դատավորները տեղ չունեն դատական համակարգում»:

«Դատավորների կողմից թույլ տրվող խախտումների մասին ես պարբերաբար ահազանգում եմ: Կոպիտ խախտումների մասին շատ փաստաբաններ են նշում, բայց այնպես չէ, որ հիմա ամեն մեկը պետք է ստատուս գրի, թե որ դատավորն ինչ է արել կամ ոնց է արել, որովհետև կարող են լինել խիստ սուբյեկտիվ կարծիքներ, կարող են պարզապես սուտ և զրպարտություն տարածել: Դրանով ի՞նչ են շահում: Դժվար չէ, պետության ունեցած հնարավորությունները թույլ են տալիս առնվազն գույքը, եկամուտները, կապերը պարզել: Ինչի՞ համար է սա: Ասենք թե՝ գրեցին, ու ի՞նչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ինչ վերաբերում է vetting-ին, անցումային արդարադատությանը, փաստաբանը նկատեց.

«Ես սկսել եմ վախենալ այդ տերմիններից, որ հրամցնում են մեր հանրությանը: Պետք է բացատրեն, թե ի՞նչ են անում, ծրագիր ցույց տան, հիմնավորեն, որ կարող են նման բաներ անել: Չի կարելի նման հայտարարություն անել: Ի վերջո, բացի այն, որ շատ խախտումներ կան դատական համակարգում, բայց չէ՞ որ շատ մարդիկ նաև արդարադատություն են գտնում այդտեղ: Չեմ հասկանում՝ ի՞նչ են ուզում, այս ամենն ինչի՞ համար է և ի՞նչ արդյունք է տալու: Ի վերջո, բոլորին անխնա հեղինակազրկելն ինչի՞ է հանգեցնելու: Այո՛, դատական համակարգի ռեֆորմը երկրին շատ է անհրաժեշտ, և պետք է անպայման արվի, բայց այն ծանրագույն և բարդ աշխատանք է: Ես ինքս ինձ երբեք թույլ չեմ տա հայտարարել, որ դրանում կարող եմ լուրջ մասնակցություն ունենալ:

Կարող եմ կողքից ինչ-որ մի խորհուրդ տալ, բայց ինձանից 10 անգամ ավելի խելացի 50 հոգի պետք է հավաքվեն և մտածեն, թե դա ինչպես են անում: Հիմա պետքէ գտնել նմանների, արտասահմանից հրավիրել պրոֆեսիոնալների, ովքեր ուսումնասիրություն կկատարեն: Սա շատ բազմաշերտ է: Դատական ռեֆորմները լուրջ երկրներում տասնյակ տարի են տևում՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, իսկ նման քայլերով մենք ոչ մի տեղ չենք հասնի»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս