«Փաշինյանական «ժողովրդի դիկտատուրան» բոլորովին պարտադիր չէ, որ հակառուսական դառնա, այստեղ ուղիղ կապ չկա, թեպետ խնդիրները հավանաբար կմեծանան». Սերգեյ Մարկեդոնով

Պատմական գիտությունների թեկնածու, ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան կոչին, որով նա բոլորին կոչ է անում առավոտյան 8.30-ից փակել Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը, գրել է.

«Դժվարին կլինի հաջորդ շաբաթվա սկիզբը Հայաստանում: ԼՂՀ երկու նախագահների` Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատվելուց հետո Փաշինյանը հայտարարեց «հեղափոխության երկրորդ փուլի» մասին` Հանրապետության բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու կոչով ուղեկցված: Ոչ առաջին անգամ օգտագործված տակտիկա:

2018թ. հոկտեմբերին արդեն վարչապետ, այլ ոչ ընդդիմության առաջնորդ Փաշինյանը ուղղակիորեն դիմեց ժողովրդին, որպեսզի արագացնի Խորհրդարանի արձակումը: Այսօր նա ուզում է նման մի բան անել դատական համակարգի հետ: Թույլ տամ մեջբերում կատարել 2018թ. հոկտեմբերի 3-ի իմ տեքստից:

«Իր վերահսկողության ներքո վերցնելով Կառավարությունը, ձևականորեն չխախտելով Սահմանադրությունը` Փաշինյանը կարող էր կամ գնալ նախորդ իշխանության մնացուկների հետ գոյակցության, կամ նրանց աստիճանական լիկվիդացիային: Նա ընտրեց երկրորդ տարբերակը…Եվ Հայաստանը վերջին ամիսներին հերթական անգամ կանգնեց օրինականության ու լեգիտիմության դիլեմայի առջև: Ձևի տեսանկյունից վարչապետի հրաժարականն ու նոր կառավարության` իշխանության գալը պարտադիր չէ, որ ուղեկցվեն քաղաքական վերնախավի փոխարինմամբ:

ԱՄՆ-ի և եվրոպական երկրների պատմությունը, որին այնքան սիրում են հղում տալ նոր Հայաստանի կողմնակիցները, երբ ձախ նախագահը գոյակցում է աջ կաբինետի ու աջ խորհրդարանական մեծամասնության հետ, և ընդհակառակը, հենց դրա մասին է խոսում:
Բայց հայկական տարբերակում Փաշինյանի թիմը, բացի դեմոկրատիայի ու ժամանակակից լինելու մասին զրույցներից, ակտիվորեն շահագործում է հեղափոխական դիսկուրսը, իսկ նրանում առաջին տեղում ոչ թե չոր իրավաբանական տրամաբանությունն է, այլ նպատակահարմարության սկզբունքները…

Փաշինյանը ցույց տվեց, որ իր համար ցանկացած կոալիցիա իրավիճակային է ու հետաքրքիր չէ, եթե չի ծառայում նրա գլխավոր նպատակին` հեղափոխության հաղթանակին այն տեսքով, ինչ տեսքով որ ինքն է հասկանում: Եվ զանազան կոալիցիաները և փոխզիջումները կարող են դառնալ միայն պատմաբանների ուսումնասիրության առարկան»:

Մեծ ուշադրությամբ հետևում եմ իրավիճակին: Կարծում եմ, որ դեռ կգրեմ այս թեմայով: Միայն մի պահ: Փաշինյանական «ժողովրդի դիկտատուրան» բոլորովին պարտադիր չէ, որ հակառուսական դառնա, այստեղ ուղիղ կապ չկա, թեպետ խնդիրները հավանաբար կմեծանան»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս