Armen Ashotyan vs Lena Nazaryan. ստատուսային բանավեճ

Քիչ առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արմեն Աշոտյանի ավելի վաղ արված գրառմանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահն իր գրառմամբ անդրադարձել էր այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ակցիայի մասնակիցները հարձակվել էին դաշնակցական Հրանտ Մարգարյանի վրա, ով զբոսնելիս է եղել թողների հետ: Ա. Աշոտյանը, մասնավորապես, գրել էր, որ «քաշքշոցներն ու վիրավորանքները ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են».

«Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանում։

Հիշեցնեմ, որ նա է, որպես երկրի վարչապետ, յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորը։

Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել»:

Գրառմանը Լ. Նազարյանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Արմեն Աշոտյանը տարածում է 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը, որտեղ գրված է, որ անհայտ պայմաններում ակտիվիստը (Վարդգես Գասպարին) ստացել է տուժողի կարգավիճակ։ Մինչդեռ կա տեսանյութ, որտեղ միանշանակ երևում է, թե ինչպես է Արմեն Թավադյանը շիշը շպրտում տուժողի ուղղությամբ ու վնասում քունքը (կա դատաբժշկական փորձաքննություն), իսկ Արմեն Աշոտյանն ամբողջությամբ միանում է հայտարարության գնահատականին։ Այսինքն խնդիր չի տեսնում, որ մարդու առողջությանը դիտավորյալ վնաս են պատճառում։ Սակայն, հաջորդ իսկ գրառմամբ, չգիտես ինչ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանին մեղադրում է շարունակաբար բաժանարար պատեր կառուցելու, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելու մեջ, երբ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ակցիայի մասնակիցները հարձակվում են Հրանտ Մարգարյանի վրա։

Ուրեմն զազրելի է ոչ միայն մարդու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, քաղաքական ընդդիմախոսի վրա հարձակվելը, քաշքշելը, վիրավորելը, այլ նաև նման պահվածք կատարած անձանց տարբերակելը։ Խստորեն դատապարտում եմ Վարդգես Գասպարիի և Հրանտ Մարգարյանի հանդեպ կատարած խուլիգանական գործողությունները»:

Պատասխան գրառման հրապարակումից կարճ ժամանակ անց մեկնաբանություններում բանավեճ է սկսվել Ա. Աշոտյանի և Լ. Նազարյանի միջև:

Մեկնաբանություններում ծավալված բանավեճը ներկայացնում ենք ստորև.

Ա. Աշոտյան. «Լենա Նազարյան, կամ բարի եղեք ապահովել Ձեր պատին պատշաճ մթնոլորտ, որը, իդեպ, իմ գրածի ապացույցներից է, կամ untag արեք ինձ եւ դուք ձերոնցով մխիթարվեք»:

Ա. Աշոտյան. «Լենա Նազարյան, ոչ այստեղ գրածիս արձագանքեցիք ու հանդուրժեցիք, որ պատը վերածվի մեր օրերի Երեւանի աղբաշատ փողոցների, ոչ էլ Ձեզ առանձին ուղղած հաղորդագրությանը պատասխանեցիք։ Ինձ մնում է մեկ տարբերակ՝ ընդունել Ձեր մարտահրավերը եւ միասին քննարկել այդ հարցերը որեւէ լրատվական հարթակում երկուսով եւ Ձեր ընտրությամբ»:

Լ. Նազարյան. «Ջնջելու եմ վիրավորանք արտահայտող մեկնաբանությունները։ Ինչպես տեսաք ես ասացի այն ինչ պետք էր ասել առանց որևէ վիրավորական բառի։ Կամ էլ ասածս չեք ընկալում, եթե շարունակում եք վիրավորել»:

Նշենք, որ Լենա Նազարյանի գրառմանը անդրադարձել է նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Հարգելի տիկին Լենա Նազարյան, հիշո՞ւմ եք մի քննարկման ժամանակ, որին երկուսս էլ ներկա էինք, մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանը և մյուս առաջնորդները պիտի խստագույնս դատապարտեին համացանցային ֆեյքային hate speech-ի գրոհները, իմ կուսակիցների տների մոտ անմակարդակ ակցիաները և այլն (եթե դրանց կազմակերպման հետ կապ չունեին): Եթե վարչապետը ասում է, որ «հավեսի կարող է ընկնել» ցույցերից ու «փողոցում լուծի որոշ խնդիրներ», ապա տրամաբանական է, որ իր կողմնակիցներից շատերը պրոակտիվություն են դրսևորում ու փորձում բռնության դիմել:

Սրա մասին պետք էր մտածել այս մի տարվա ընթացքում ելույթները գրելիս: Իսկ հիմա, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, «ուշ է, ուշ է»:

հգ.
Ցանկացած անիմաստ բռնությունը դատապարտելի է:

հգ2.
Ձեր գրառման տակ կատարվող «ցույցը» մեր ասածների ապացույցն է»:

Տեսանյութեր

Լրահոս