Բաժիններ՝

«Վերականգնվող էներգետիկան շատ լավ է, բայց…». Արա Մարջանյան

Գեղարքունիքի մարզում նախատեսվում է 2019-2020 թթ. կառուցել տարածաշրջանում ամենախոշոր արևային  կայանը: Գեղարքունիքի մարզն ամենամեծ արևային պոտենցիալ ունեցող մարզերից է: Հայաստանում 13 լիցենզավորված արևային կայաններից 8-ը հենց Գեղարքունիքի մարզում են:

«Եվ արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը տեղի է ունենալու հենց Գեղարքունիքում: Նախորդ տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում արդեն կա հաղթող կազմակերպություն, և կառավարության աջակցությամբ այս ծրագիրը կիրագործվի: Ծրագրով 2019-2020 թվականներին կկառուցվի 55 մեգավատտ հզորությամբ  արևային կայան, որը մեր տարածաշրջանում կլինի ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով: Իսկ ամենացածր գինը ստացվել է՝ շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի»,- օրեր առաջ Գեղարքունիքում մարզի զարգացմանը նվիրված համաժողովի ժամանակ ասել էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Գեղարքունիքի մարզի ընտրությունը ճիշտ է արեգակնային, ֆոտովոլտային կայանների պարագայում, որովհետև արևային ճառագայթների տեսանկյունից մարզն ունի բացառիկ ցուցանիշներ, և այդ տեսանկյունից ընտրությունը միանգամայն ճիշտ է:

«Ինչ խոսք, շատ ողջունելի է, որ Հայաստանում կկառուցվի խոշոր մեգավատտային դասի ֆոտովոլտային կայան, ուղղակի պետք է այստեղ զգույշ լինել և չվերագրել արեգակնային կայաններին որակներ և հնարավորություններ, որոնք դրանք իրականում չունեն: Ի՞նչ նկատի ունեմ. ո՛չ արևային, ո՛չ հողմային կայանները, ո՛չ փոքր հէկ-երը, ո՛չ խոշոր հէկ-երն ունակ չեն պլանավորել իրենց աշխատանքը մի տարի կամ մի քանի տարի ժամանակային հորիզոնում:

Հետևաբար՝ դրանք չեն կարող ներառվել էներգետիկ պլանավորման և զագացման ծրագրերում: Դրանք ունակ են արտադրել էլեկտրաէներգիա միայն այն ժամանակ, երբ ֆիզիկապես առկա է աղբյուրը՝ արև, քամի, ջրային հոսք, ձնհալ և այլն: Այնպես որ, վերականգնվող էներգետիկան շատ լավ է, բայց չի կարող և կոչված չէ լուծել խնդիրներ, որոնք կոչված են և լուծում են բազային կայանները»,- ասաց Ա.Մարջանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս