Շողակաթում ստեղծված ծիրանի ինտենսիվ այգին այս տարի տալու է առաջին բերքը
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում երեք տարի առաջ հիմնված ծիրանի ինտենսիվ այգին այս տարի տալու է իր առաջին բերքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, այգին տարածվում է 10 հեկտարի վրա, որտեղ տնկված է 2250 ծառ եւ անցկացված է կաթիլային ոռոգման համակարգ:
Տնկված ծառերի կպչողականությունը եղել է բավականին արդյունավետ, վերատնկումների անհրաժեշտությունը եղել է աննշան: Այգին այս պահին ծաղկել է ամբողջությամբ: «Այգին շատ բարեհաջող ձմեռել է, վնասված ծառեր չունենք: Երեք տարեկան բոլոր ծառերը ծաղկած վիճակում են: Լիահույս ենք, որ այս տարի հավաքելու ենք առաջին բերքը այն ժամանակ, երբ Հայաստանի մյուս տարածքներում ծիրանի սեզոնն արդեն վերջանում է:
Այդ 10 հեկտար այգուն կից մեկ տարի առաջ ստեղծել ենք եւս 40 հեկտար ծիրանի այգի, որտեղ տնկված ծառերը եւս կենսունակ են այնչափ, որ այս տարվա գարնանը կատարել ենք ընդամենը 200 ծառի վերատունկ:Ինտենսիվ այգիների մշակման համար ստեղծվել է 16 հիմնական աշխատատեղ, գործում է կաթիլային ոռոգման համակարգը: Մեր միակ խնդիրը մնում է բերքը կարկտից պաշտպանելը:Ողջ տարածքը հակակարկտային ցանցերով պատելու համար հսկայական միջոցներ են հարկավոր, որը մենք չունենք, իսկ հակակարկտային կայանի տեղադրման համար էլ կան տարբեր խնդիրներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան