Ինչ ազդեցություն կունենա Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրը դատարանի վրա
Այսօր, ժամը 16։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք-Ավան համայնքների նստավայրում 4 օր տևած լսումներից հետո կհրապարակվի Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Այսինքն` նա կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ ոչ։ Այս գլխավոր հարցից զատ, ամենաինտրիգայինը, թերևս, Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորագրի պատասխանն է լինելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողներին ասել է, որ մտադիր չէ միջամտել Արցախի նախագահների երաշխավորման հարցին։ «Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար»,- նշել է վարչապետը։
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «168 Ժամի» հետ զրույցում խուսափեց գնահատական տալ անցած 4 օրերի դատավարությանը՝ նկատելով, որ մի տեսակ ժամանակավրեպ, անիմաստ պրոցես էր, որը կա՛մ պետք է ավելի շուտ արվեր, կա՛մ չարվեր, որովհետև եթե ամեն անգամ դատարանը գործը դատաքննության նշանակելուց նման երկարատև պրոցես անցկացնի խափանման միջոցի համար՝ 4 օր, դա ճիշտ չէ։
«Շատ կարևոր է, որ ամեն ինչ փաստերի հիման վրա է, բայց ո՞ւմ են համոզում։ Նման բարդության գործերը, երբ 2 կողմից բերում են ապացույցներ, վերլուծություններ, մեծ հաշվով՝ համոզելու վրա է, բայց ո՞ւմ են համոզում՝ միանձնյա դատավորի՞ն։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ երդվյալների ինստիտուտ լինի, որ անկողմնակալ, ժողովրդի կողմից ընտրված մարդիկ լինեն, ինչպես ԱՄՆ-ում է, որպեսզի նրանց համոզեն, որովհետև նախագահող դատավորը հազիվ կարգուկանոն պաշտպանի, ապացույցների հետազոտման կարգ սահմանի, ընթացքին հետևի։ Համոզվողը և մեղավոր ու անմեղ որոշողը, վերջին հաշվով, պետք է լինեն անկախ երդվյալ ատենակալները»։
Ըստ նրա՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի այցը չի կարող որպես ճնշում դիտվել դատարանի վրա.
«Դա նորմալ երևույթ է, մարդկայնորեն նորմալ է, ընկերներ են, ինչ-ինչ հարաբերություններ ունեն, մարդիկ եկել են, պարտավորվեցին, ստորագրեցին։ Այլ հարց է, որ դատարանի առջև դրված է որոշում կայացնելու լուրջ խնդիր։ Ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, ի՞նչ չափորոշիչներով պետք է ղեկավարվի։ Ի վերջո, մենք պետք է ընդունենք, որ սրա փորձը չունենք, էլ չասեմ՝ նախադեպը։ Ցավոք սրտի, մենք միշտ կալանավորման ուղղությամբ ենք հակված եղել, բացասական իմաստով, այժմ մի քիչ ակտիվացել է գրավի կիրառումը, իսկ երաշխավորության, այսպես կոչված, ինստիտուտը, կարելի է ասել, լավ կայացած չի։ Ենթադրենք՝ բավարարեց միջնորդությունը, հետո ի՞նչ է լինելու։
Քոչարյանն ունենալու է ՀՀ-ում ազատ տեղաշարժվելու իրավունք, քանի որ օրենքը թույլատում է միայն մեկ խափանման միջոց։ Խոսքը փախուստի մասին չէ, նա ասաց, որ անգամ թուրքին մեջքով չի շրջվել, հիմա ինչո՞ւ պիտի խուսափի, բայց կախված հանգամանքներից՝ ինչպե՞ս կլինի և այդ պարագայում մեր երկրորդ հայկական պետության նախագահին կամ էքս նախագահին մենք կարո՞ղ ենք կանչել պատասխանատվության, և եթե անգամ կանչենք, արդյո՞ք դա ճիշտ մոտեցում կլինի»։
Պ.Օհանյանը նշեց, որ արդեն քանի տարի է՝ ՀՀ-ն ընդունել է պրոբացիայի մասին օրենքը, պրոբացիոն ծառայություն կա, բայց ինչ-ինչ պատճառներով օրենսդրությունը չփոխվեց, որ այլ խափանման միջոցներ մտցվեին՝ տնային կալանք, և այլն.
«Նախկին իշխանություններն այնքան դանդաղեցին, որ կարծես իրենց գլխին կոտրվեց։ Կարծում եմ՝ սա այն դեպքերից է՝ մարդկայնորեն և իրավաբանորեն ողջամտության առումով, որ մարդը տարիներով կալանքի տակ չմնա, եթե կրկին դա համարենք կալանք, քանի որ տնային կալանքն էլ է կալանք, բայց գոնե իր տանն է, ընտանիքի հետ է։ Եվ նման դեպքերում տնային կալանքը համապատասխան թևնոցներով կիրառելի կլիներ, բայց այդ օրենքը չկա, թևնոցները չկան, ստացվում է՝ կրկին սև ու սպիտակի պահն է, և, ցավոք, հասարակությունն էլ է բաժանվել սև-սպիտակի, և պետք է ընտրվի՝ սև կամ սպիտակ, կալանք կամ ազատություն։
Ազատությունը՝ խափանման միջոցը փոխելը, նույնացվում է արդարացման հետ, իսկ կալանքի տակ պահելն էլ նույնացվում է մեզ մոտ մեղադրական դատավճռի հետ։ Այսինքն՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը դիտարկվում է չգործող։ Այս երկուսն էլ կարելի է հասկանալ։ Դրա համար պետք է այդ օրենսդրական բարեփոխումները, անունը դնենք անցումային արդարադատություն, թե այլ բան, պետք է շտապ արվի, որպեսզի հարցեր կան, որ կարգավորվեն խելամիտ կամ ողջամիտ ձևով»։
Անդրադառնալով դատարանի առջև ակցիաներին, արդյոք դրանք կարո՞ղ են ճնշում գործել դատավորի վրա, Պ.Օհանյանը չբացառեց դրա հնարավորությունը. «Հնարավոր է, որ տեսականորեն դատավորը ճնշվի։ Բայց դատավորի գործն էլ դա է, որ դիմանա։ Պետք է ուսումնասիրել զարգացած երկրների փորձը և ըստ այդմ օրենսդրական կարգավորումներ տալ, թե արդյոք իրավունք կա՞ նման ակցիաների, թե՞ ոչ։ Որքան ես գիտեմ՝ շատ երկրներում արգելվում են դատարանի շենքի մոտ նման հավաքները։
Մարդիկ իրավունք ունեն ազատ հավաքների, ցույցերի, բայց դրանք չեն թույլատրվում պետական նման կառույցների մոտ։ Ուստի նույնը կարող են անել ուրիշ վայրում։ Եթե անում են դատարանի շենքի մոտ, իհարկե, կարող է դիտարկվել՝ որպես ճնշում։ Պատկերացրեք՝ ներսում նստածները լսում են դրսում հնչող հայհոյանքները։ Պարզ է, որ դատավորը կարող է ճնշվել»։