Հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի անակնկալ ավարտը. Ինչի՞ դեմ էր պայքարում ՊՎԾ-ն
Մայիսի սկզբին կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր գնման գործընթացների մասին: Նա դժգոհություն էր արտահայտել միայն գնային ցուցանիշներով առաջնորդվելու կապակցությամբ:
«Պարզվում է՝ պետական գնումով ինչ-որ անորակ ծառայություն է ձեռք բերվել: Հարց՝ ինչու է այդ ծառայությունը ձեռք բերվել, որովհետև մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այդ մրցույթում, եթե ձրի առաջարկեն, կհաղթեն: …Ցածր գին՝ չի նշանակում՝ այնպիսի ցածր գին, որը երաշխավորում է ծառայության կամ մատակարարման անորակությունը: Ցածր գին՝ նշանակում է՝ մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով»,- ասել էր վարչապետը:
Հեմոդիալիզի գնման պարագաների գնման գործընթացների վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռ շարունակվում է: Թե ի՞նչ արդյունքներ կլինեն, կամ որքա՞ն համակողմանի կիրականացվի այն, կերևա ապագայում: Սակայն հատկանշական է, որ քննվող խնդիրը շատ բազմակողմ է և սերտորեն առնչվում է մարդկանց առողջության հետ:
ՊՎԾ-ն իր ուսումնասիրությունների մասին մարտի վերջին հաղորդագրություն էր տարածել՝ ներկայացնելով «մեդալի» միայն մի կողմը, այսինքն՝ թե որքան գումար է տնտեսվել գնումներին իրենց միջամտության արդյունքում: Սակայն հեմոդիալիզի դեպքում առավել կարևոր հարցը՝ որակը, ՊՎԾ-ն չի ներկայացրել: Մինչդեռ ԲԿ-ներից մեկում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« բժշկական կենտրոնում, գնումների վերջին գործընթացը բավականին ուշագրավ զարգացումներ ունի:
ՊՎԾ-ն, մասնավորապես, նշել էր, որ այս կենտրոնում իրենց կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ, ինչի կապակցությամբ ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝
- «մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի համար առաջարկվել է «հեմոդիալիզի պարագաներ ապրանքների մատակարարված լինելը» նախադասությունը փոխել «բժշկական պարագայի կամ գործիքների մատակարարում» նախադասությամբ։
- «մատակարար ընկերությունը պետք է ունենա Fresenius Medical Care ընկերության կողմից տրված 4008S սարքերը վերանորոգելու հավաստագիր» նախադասությունն առաջարկվել է հանել, քանի որ հայտարարվել է պարագաների (ապրանքների) գնման, այլ ոչ թե՝ ծառայությունների մատուցման մրցույթ։ Հատկանշական է նաև այն, որ հիշյալ սարքը վերանորոգելու հավաստագիր առավելապես կարող է ունենալ գործնականում Fresenius Medical Care ընկերության պաշտոնական ներկայացուցիչ համարվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն։
- Գնման մրցույթով պահանջվող առարկաների տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող է մասնակցել միայն Fresenius Medical Care ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, քանի որ գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների տեխնիկական բնութագրերով սահմանվել են կոնկրետ Fresenius Medical Care ընկերության կողմից արտադրվող մոդելներ՝ FX-8, F-7HPS, F-8HPS։
«Առաջարկությունները մասամբ ընդունվել են բժշկական կենտրոնի կողմից, ինչի արդյունքում կազմակերպված մրցույթին մասնակցել են նաև այլ ընկերություններ, որոնցից ոմանք հաղթող են ճանաչվել մրցույթի մի քանի ընթացակարգերում, իսկ «Ֆրեզեն» ՍՊԸ-ն առաջարկել է ավելի ցածր գին, քան վերջինս առաջարկել էր նախորդ տարիների ընթացքում, որի արդյունքում տնտեսվել է շուրջ 12 մլն դրամ, և սա դեռ՝ առաջին մրցակցային գնման դեպքում։ … Հարկ է նշել, որ համանման առաջարկություններ են ներկայացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, որոնք չեն ընդունվել, ինչի արդյունքում մրցույթին մասնակցել է միայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցակցային մրցույթի համեմատ՝ նույն ապրանքները ձեռք են բերվել 30%-ով ավելի թանկ գներով»,- հայտարարել էր ՊՎԾ-ն։
Եվ ահա, պարզվում է, որ ի հեճուկս ՊՎԾ-ի «բացահայտած չարաշահումների»՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի հիմնական հաղթողը, ի վերջո, «Ֆրեզեն» ընկերությունն է եղել:
Հարց է ծագում՝ ինչպե՞ս է հաղթել այդ նույն ընկերությունը, եթե ՊՎԾ պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանն ապրիլի վերջին հայտարարել էր, որ «մենաշնորհը վերացել է» և «լուրջ արդյունք ունեն»:
«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մրցույթի առաջին փուլի արդյունքները հրապարակվել են այս տարվա հունվարի 18-ին, եղել է 8 մասնակից, 11 չափաբաժնից 8-ը վերջնական արդյունքում հաղթել է «Ֆրեզենը», 2-ը՝ այլ մասնակից, իսկ 1-չափաբաժինը հանվել է մրցույթից: «Ֆրեզենի» հետ պայմանագիրը կնքվել է ապրիլի 9-ին:
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վերջին մրցույթին ի սկզբանե 8 ընկերություն էր մասնակցել, բայց դրանցից շատերը մասնակցել էին ուղղակի մասնակցելու համար՝ անիրական էժան գին էին առաջարկել, սակայն մրցույթի երկրորդ փուլում փաստաթղթեր չէին ներկայացրել և դուրս էին մնացել մրցույթից: Արդյունքում՝ հաղթող ճանաչվեցին 2 ընկերություններ՝ «Ֆրեզեն» և «Թեոֆարմա»»,- ասաց Հ.Պիվազյանը:
Նա պնդեց՝ շուկայում մենաշնորհ չկա ու չի եղել երբևէ. «Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, եթե շուկայում 3-4 ընկերություններ են գործում: Այդքան բարձրաձայնվում է, որ պետությանը վնաս են տալիս, փողերը թալանում են, սակայն «Ֆրեզեն» ընկերությունն այս տարիների ընթացքում մոտ 200 սարք, առանց որևէ նախապայմանի, նվիրել է պետությանը: Ի դեպ, տարածաշրջանում դիալիզի դիմաց վճարի գումարը մի քանի անգամ գերազանցում է մեզ մոտ գործող գներին: Սակայն մենք կարողանում ենք համեմատաբար ցածր գնով ապահովել բարձր կարգի որակ»:
ՊՎԾ-ի մեղադրանքին, թե «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար գնման մրցույթներին մասնակցելով՝ ապահովում է գերշահույթ՝ պարագաների մատակարարման մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ ավելի գին սահմանելով, Հ.Պիվազյանը հակադարձեց, որ նախ՝ դա այդպես չէ, և ձևավորվող գինը պայմանավորված է այլ ծախսերով, օրինակ՝ սպասարկումը, որը շատ ծախսատար ու թանկ պրոցես է:
Նա նշեց, որ վերջին մրցույթի ժամանակ իրենք նախորդ տարվա համեմատ՝ էժան գին են առաջարկել, որովհետև անվճար սպասարկում այլևս չի իրականացվելու. «Որոշ մարդիկ վերագրում են նրան, որ՝ տեսեք, թե՝ բա մենք միջամտեցինք, ու արդյունքում պետության փողերը խնայվեցին… ո՛չ, դա այդպես չէ, և հիմա սպասարկման համար առանձին մրցույթ պիտի հայտարարվի: Հաշվի առնելով, որ պետությունը չունի այդքան գումար, մենք սպասարկումը կատարում էինք անվճար՝ հատուկ վերապատրաստված բարձր որակավորում ունեցող մասնագետների միջոցով:
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վերջին մրցույթի արդյունքում արյան հոսքագծերը մեկ այլ ընկերություն էր շահել, և այս երկու ամսում պարզվեց, որ կան խափանված մեքենաներ: Կենտրոնի տնօրենի խնդրանքին ընդառաջ ենք գնացել և այս անգամ անվճար վերանորոգել ենք դրանք, այն դեպքում, երբ որևէ պարտականություն կամ պայմանագիր չկա, որ պետք է նման ծառայություն մատուցենք: Բայց գնում, սարքում ենք, որ մեր ժողովուրդը, երեխաները չտուժեն: Իսկ ոմանք, որ անգամ հեռավոր պատկերացում չունեն, թե ինչ է դիալիզը, քանի մարդու կյանք է երկարում և փրկվում մեր մատուցած ծառայությունների շնորհիվ, «լափելու» ու «թալանելու» մասին են խոսում, առանց ամբողջությամբ ծանոթ լինելու իրավիճակին, առանց ճանաչելու տվյալ ընկերության ներդրումն այս պետությանը: Դա սխալ է»,- ասում է նա:
Թե այս իրադրությունն ինչպե՞ս է ազդել հիվանդների առողջության վրա, Հ.Պիվազյանը նշեց, որ դա պետք է ուսումնասիրեն ու ներկայացնեն լիազոր մարմինները: Նրա գնահատմամբ՝ հիվանդները միանշանակ տուժել են:
Գործարարը նշեց, որ գերմանական արտադրող «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերությունն աշխարհում լավագույնն է, այդ սարքերին երաշխիք է տալիս միայն իր արտադրած ծախսանյութերի օգտագործման դեպքում, ինչը նաև նշված է սարքերի տեխնիկական անձնագրերում, որ, եթե այլ ծագման արյան զտման ֆիլտրեր օգտագործվեն կամ ախտահանման համար նախատեսված նյութերի, օրինակ՝ Citrosteril-ը Puristeril-ի, փոխարինման դեպքում սարքերը կարող է 100%-ով չախտահարվեն և արդյունքում լինեն հեպատիտով կամ սպիդով վարակման դեպքեր:
Նրա խոսքով՝ սարքն արտադրման պահին հարմարեցվում է հենց այս նյութերի հետ աշխատելու պահանջներին, և սրանք օրինակներից մի քանիսն են, արտադրողը չի երաշխավորում թե՛ մարդու կյանքի, թե՛ սարքի անխափան աշխատանքի համար, եթե փոխվեն այս պահանջները: Սակայն այժմ, ըստ նրա, կան բուժհաստատություններ, որտեղ «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյրի» սարքերի վրա այլ պարագաներ են օգտագործվում, և հիվանդների վիճակը գոհացուցիչ չէ:
«Այն խոսակցությունները, որ պարոն Սանասարյանը պնդում և կրկնում է ամեն առիթով, որ ուղղակի պատահաբար ուսումնասիրություններ են եղել և պարզել են, որ այդ ոլորտում կան չարաշահումներ, ես վստահաբար կարող եմ ասել և ապացուցել, որ դա «Գյուլնազ տատի հեքիաթներից» է։ Այն ժամանակ, երբ ՊՎԾ-ն իրենց հովանավորյալ ընկերությանը մեծ ջանքեր գործադրելուց հետո չկարողացավ մտցնել հեմոդիալիզի շուկա, այդ օրվանից սկսվեցին «ստուգումները», եթե ոչ՝ հարցաքննությունները, և «ուսումնասիրում» էին միմիայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ին վերաբերող թղթերը։
Իր հերթական ելույթներից մեկում պարոն Սանասարյանը պնդում էր, թե միայն «Ֆրեզեն» ընկերությունը չեն ուսումնասիրում, այլ՝ ամբողջ հեմոդիալիզի շուկան, այժմ թող իմ հարցին պատասխանի՝ ո՞նց եղավ, որ ամբողջ դիալիզի շուկան եք ուսումնասիրում, բայց հրապարակում եք միայն «Ֆրեզեն» ընկերության վերաբերյալ տվյալները, իսկ ո՞ւր մնացին մյուս ընկերությունների ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Հ.Պիվազյանը՝ շեշտելով, որ շուկայի մասին իրական պատկերացում կազմելու համար պետք է ուսումնասիրել ամբողջ շուկան, ոչ թե՝ միայն մեկ ընկերության:
Հ. Պիվազյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) որևէ առնչություն ունի «Ֆրեզեն» ընկերության հետ. «Ֆիրմայի հետ նա կապ չունի և չի էլ ունեցել, անգամ մեր գործունեությունից տեղյակ չէ։ Ընդամենն իմ բարեկամն է»։
Անդրադառնալով քրեական գործին՝ Հ.Պիվազյանը նշեց, որ այն հարուցվել է ՊՎԾ-ի բողոքի հիման վրա, և իր տեղեկություններով՝ դրանում բավականին սխալներ ու թերություններ կան. «Քննությունը կընթանա, և վերջում կպարզվի ողջ պատկերը»։ «Խնդրանքս՝ խնդրով մտահոգ բոլոր պատկան մարմիններին՝ հետազոտեք և պարզեք, թե հեմոդիալիզի համար նախատեսված ի՞նչ որակի նյութեր են ներկրվում, և արդյոք դրանք պիտանի՞ են ստատիկ դիալիզի համար»,- հավելեց գործարարը: