Կառավարությունը քննարկում է վարորդական բալային համակարգի վերաբերյալ նախագիծը. տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել
Այսօր կառավարության նիստում փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց վարորդական բալային համակարգի հետ կապված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ նրա՝ առաջարկությունները նպատակ են հետապնդում երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը` որպես նախկինում գործող քաղաքականության բաղադրատարր:
Նախագծով, մասնավորապես, վերանայվել են տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերի տեսակները և տուգանքների չափերը: Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով:
Առավել վտանգավոր այն վարչական իրավախախտումները, որոնց կատարման դեպքում վարչական տույժի նպատակներին հնարավոր չէ հասնել 30.000 դրամը չգերազանցող տուգանքի նշանակմամբ, ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել՝ համարժեք պատիժ նախատեսելու նպատակով:
Վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափն օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Այնուամենայնիվ, անհամեմատ մեծ տարածում ունեցող իրավախախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ` վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս մոտեցումը որդեգրվել է՝ հիմք ընդունելով ոստիկանությունում առկա նախորդ տարիների վիճակագրական տվյալների վերլուծությունը: Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից.
– տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու (հետագայում՝ նաև կասեցված իրավունքը վերականգնելու) օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր,
– ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները,
– եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից,
– տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողն իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ,
– տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն,
– Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով,
– ճանապարհային երթևեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր,
– ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով,
– տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելն առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
Ընդհանուր առմամբ, առաջարկվում է տուգանային միավորը՝ որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումներից 20-ի համար:
Հ. Քոչարյանը նշեց, որ կարգավորումն ուժի մեջ է մտնելու ընդունվելուց 6 ամիս հետո: