
Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը Նորվեգիայում կքննարկեն բանակցելու հնարավորությունը. Reuters

Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները մեկնել են Նորվեգիա՝ քննարկելու երկրում ճգնաժամի լուծման համար բանակցելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա աղբյուրների տվյալների համաձայն՝ Վենեսուելայի իշխանություններին Օսլոյում ներկայացնում են կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը եւ Միրանդայի նահանգապետ Էկտոր Ռոդրիգեսը: Նրանց ընդդիմախոսներից Նորվեգիայի մայրաքաղաք են ժամանել հարավամերիկյան հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) երկրորդ փոխխոսնակ Ստալին Գոնսալեսը եւ ընդդիմադիրներ Հերարդո Բլայդը եւ Ֆեռնանդո Մարտինեսը:
Հակամարտող կողմերը բանակցությունների հնարավորությունն առայժմ քննարկել են միայն Նորվեգիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց օգնությունն են առաջարկել որպես միջնորդներ: Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների եւ ընդդիմադիրների համատեղ հանդիպումներ դեռեւս չեն անցկացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: