Աշխարհի քաղաքակրթությունները պետք է հրաժարվեն հակամարտություններից. Սի Ցզինպին
Աշխարհի տարբեր տարածաշրջանների մարդկային քաղաքակրթությունները պետք է հրաժարվեն հակամարտություններից եւ իրավահավասար վերաբերվեն միմյանց: Մայիսի 15-ին Չինաստանի մայրաքաղաքում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանն այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը։
«Մենք պետք է հարգենք միմյանց եւ մյուսներին վերաբերվենք որպես հավասարների: Բոլոր քաղաքակրթությունները կառուցված են իրենց բացառիկ մշակութային միջավայրում, որն իրենով մարմնավորում է երկրի կամ ազգի իմաստությունն ու տեսակերպը»,- նշել է պետության ղեկավարը:
«Քաղաքակրթություններից ոչ մեկն ավելի բարձր կարգավիճակ չունի մյուսի նկատմամբ: Կարծել, թե մի ռասա կամ քաղաքակրթություն բարձր է մյուսներից, տգիտություն է, իսկ նման մտածողության համաձայն գործելը՝ միանգամայն կործանարար: Եթե մարդկային քաղաքակրթությունները հանգեցվեն սոսկ մեկ գույնի կամ մոդելի, ապա աշխարհը խամրած եւ անբովանդակ կդառնա»,- հավելել է Սի Ցզինպինը:
«Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը Պեկինում տեղի է ունենում մայիսի 15 – 16-ը: Համաժողովին 2 հազարից ավելի ներկայացուցիչներ են մասնակցում աշխարհի 47 երկրներից ու տարածաշրջաններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: