Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։
2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը մրցումների դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել էր մեդալը։ Այժմ հայ ծանրորդուհին զրկվել է մյուս մեդալներից։
Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական է եղել ոչ միայն Լոնդոնի Օլիմպիական խաղերին, այլև 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով ծանրորդուհու՝ 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր մեդալներն ու գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել։
Հիշեցնենք նաև, որ դեռևս ամիսներ առաջ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտարարել էր՝ Հռիփսիմե Խուրշուդյանն այլևս հանդես չի գալու Հայաստանի ծանրամարտի հավաքականում: