Բաժիններ՝

«Ավելի լավ է կարգավորումները փնտրել երկրի ներսում, քան գնալ ու կրկին բանակցել». Պատգամավորը՝ մաքսատուրքերի բարձրացման մասին

«Ավտոներկրողները դեռ հարցի լուծման ճանապարհներ են փնտրում: Ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է լինելու 2020 թվականից սկսած:  Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մեքենաների համար մաքսատուրքերի բարձրացում սահմանված է 2020 թվականից»,- ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր  «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվեցինք՝ որևէ քայլ արվո՞ւմ է այս ուղղությամբ, հնարավո՞ր է բանակցել ու ժամանակը երկարաձգել:

«Մեկ անգամ տրվել է այդ արտոնյալ ժամանակահատվածը: Հիմա, երկրորդ անգամ բանակցել պարտավորությունների համար, որն արդեն մենք ստանձնել ենք ու խնդրել, որ ևս մեկ շրջան երկարաձգվի, եթե հարցնեք՝ կարո՞ղ ենք, ապա՝ այո՛, կարող ենք, բայց թե ի՞նչ արդյունք կտա՝ չգիտեմ, որովհետև միգուցե ոչ լուրջ ընկալվի Հայաստանի ստորագրած ցանկացած պարտավորություն: Մյուս կողմից էլ՝ պետք է նաև հասկանալ ԵԱՏՄ մեր գործընկերներին, որոնք լավ գիտակցում են, որ այդ արտոնյալ ժամանակահատվածը, որ տրված է Հայաստանին, իրենց քաղաքացիները Հայաստանի միջոցով գալիս ու գնում են այդ մեքենաները: Իրենց քաղաքների փողոցներում տեսնում են մեր պետհամարանիշերով մեքենաները: Կարծում եմ՝ արդարացիորեն կարող են դեմ լինել մեր առաջարկին: Դրա փոխարեն՝ պետք է մեր ռեսուրսն ավելի շատ ծախսենք այլընտրանք ու շահավետ պայմաններ փնտրելու ուղղությամբ»,- պատասխանեց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ պետությունը կարող  է գտնել այլ լուծում, օրինակ՝ հրաժարվել ավելացված արժեքի հարկից, և այլն:

«Ավելի լավ է կարգավորումները փնտրել երկրի ներսում, քան գնալ ու կրկին սկսել այդ բանակցությունները: Չեմ բացառում, որ կլինեն բանակցություններ, բայց դրանց էֆեկտիվությունն այս պահին չեմ տեսնում»,- հավելեց Արմեն Փամբուխչյանը:

Նշենք, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) 2015 թվականի հունվարից: Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավելի էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում:

Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից:

Օրինակ՝ ավելանալու է  թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափը:

Եթե այժմ Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-52 տոկոս):

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն՝ ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Արդյունքում՝ սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից:

Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս