Բաժիններ՝

«Մեր հարսնացուները չունեն փեսացուներ. Փեսացուները դրսում են»

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ. կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել՝ որպես Ընտանիքի միջազգային օր։ Տոնին ընդառաջ՝ մասնագետները խոսեցին հայ ընտանիքի, մարտահրավերների ու ավանդական ընտանիքի մասին պատկերացումների մասին։

«Ընտանիքի միջազգային օրն ամեն տարի ունի իր թեման, այս տարի այն «Ընտանիքը և Կլիման» խորագիրն ունի»,- հիշեցրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Ապա անդրադառնալով հայ ընտանիքներին, նա արձանագրեց, որ ազգը ծերանում է. «Մեր հարսնացուները չունեն փեսացուներ. 27 հազար աղջիկ փեսա չունեն։ Փեսացուները դրսում են, որտեղ ամեն երրորդ հայն ամուսնանում է ոչ հայի հետ: Այսինքն՝ մենք կորցնում ենք մեր գենոֆոնդը։ Ազգի ծերացում է գնում։ Մեր ծնելիությունը չի ապահովում արտագաղթի կորուստները»։

Հոգեբան Տաթև Նահապետյանն անդրադարձավ անձի ձևավորման ընթացքում առաջ եկող ներընտանեկան խնդիրներին, որոնք կարող են արտացոլվել դեռհասության ու հասունության շրջանում։

«Եթե ընտանիքում հայր ու դուստր հարաբերությունները խարխլված են, հետևաբար՝ հասուն տարիքում կինը կունենա որոշակի խնդիրներ՝ հակառակ սեռի հետ կապված, եթե մայր-որդի հարաբերություններում են խնդիրները, տղան կունենա խնդիրներ։ Եթե ընտանիքի մոդելը ճիշտ դրված չէ, բնականաբար, դեռահասության թե հասուն շրջանում ինչ-որ կերպ արտահայտվելու է»,- ասաց հոգեբանը։

«Ավանդական ընտանիքում պահպանված են բավականին դրական երևույթներ»,- ասաց ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը, ով, սակայն, արձանագրեց, որ մինչ օրս լուրջ հետազոտություններ չեն արվել՝ պարզելու համար, թե ավանդական ընտանիք ասվածից ինչն է այսօր պահպանվել։

Ըստ մասնագետի՝ ավելի ուշ շրջանի մի քանի դրսևորումներ՝ «որոշակի գողական մտածողություն, որի մեջ կնոջ դերը հասցված է մինիմումի, և կինը նվաստացված է, մատուցվում է՝ որպես հայկական ավանդական ընտանիքի մոդել».

«Մինչդեռ հակառակը՝ վերցնենք Հաքսթհաուզենի ճանապարհորդական հուշերը, երբ նա Քանաքեռում էր բնակվում և նկարագրում է հայկական ընտանիքը՝ որպես կնոջ հարգանքի տիպար, որին պիտի Եվրոպան դեռևս հետևեր»։

2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց՝ որպես Ընտանիքի օր:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս