«Միջադեպն ունեցել է երկու փուլ». Սերգեյ Բագրատյանը՝ Վայոց Ձորում տեղի ունեցած դեպքի մասին

Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Միջադեպն ունեցել է երկու փուլ: Եղել է բուն միջադեպը, որից հետո մենք միջամտել ենք, այսինքն՝ բուն միջադեպին ես չեմ մասնակցել: Միջադեպի վերացման գործողությանը ես մասնակցել եմ՝ առաջարկելով, որ երիտասարդներին չհրավիրեն ոստիկանություն, քանի որ կարծել եմ՝ ոստիկանությունն այդտեղ անելիք չունի, պարզ հարց է, և կարելի է տեղում լուծել: Սա ապացուցում է նոր Հայաստանի իրավահավասարության կարևորագույն գործիքակազմը: Մենք ունենք մի հարթություն, որտեղ կարևոր չէ՝ դու իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ներկայացուցիչ ես:

Եթե ընդունել ենք «Ազդարարի» ինստիտուտ, դա նրա համար չէ, որ ամեն ծխախոտ օգտագործողի դեմ դա կիրառվի, ասենք՝ զանգահարես ոստիկանություն, ասես՝ այսինչ մարդը ծխում է: Այդ ինստիտուտը կոնկրետ խնդիրներ պետք է լուծի, իսկ մեր քաղաքացիները, այդ թվում՝ փոխմարզպետը, շփոթում են այդ ինստիտուտը: Պետք չէ ամեն մի փոքր  առիթով  հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող ոստիկաններին կամ քննիչներին զբաղեցնել: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը ապրիլի 27-ին հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ: Սերգեյ Բագրատյանը, սակայն, հերքել էր իր մասնակցությունը միջադեպին:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս