Մոնտանայի նահանգապետը միացավ ԱՄՆ-ի նախագահական մրցարշավին
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բուլոքը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի հաջորդ ընտրություններում, որոնք կայանալու են 2020 թվականին: Այդ մասին նա մայիսի 14-ին գրել է Twitter-ի իր Էջում:
«Բոլորին շանս տալու համար մենք պետք է ավելին անենք, քան (ԱՄՆ-ի նախագահ) Դոնալդ Թրամփին հաղթելը: Մենք պետք է հաղթենք կոռումպացված այն համակարգը, որը նման մարդկանց պահում է իշխանության գլուխ, մեզ հարկավոր է մարտիկ, որը դա կանի ավելի շուտ: Ահա թե ինչու եմ ես իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,-գրել է Բուլոքը:
Նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել են արդեն շուրջ երկու տասնյակ դեմոկրատներ: Կուսակցական ակտիվիստների առաջին ժողովներն ապագա նախագահական արշավի ընթացքում կանցկացվեն Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ կառաջադրեն նախագահի պաշտոնի թեկնածուին, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ 16-ը Միլուոքիում (Վիսկոնսիի նահանգ):
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Վերմոնտի նահանգից 77-ամյա սենատոր Բեռնի Սանդերսին, որը Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել է Դեմոկրատական կուսակցությունից 2016 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին եւ Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին: Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի տեղին առայժմ հավակնում են երկու հոգի՝ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը:
Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ 27-ը Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: