Հաքերները WhatsApp-ում զանգերի գործառույթի միջոցով լրտեսական ծրագրային ապահովում են բեռնել հեռախոսներում. FT
Անհայտ չարագործները լրտեսական ծրագրային ապահովում են տեղակայել շարժական հեռախոսներում՝ օգտագործելով զանգերի գործառույթը WhatsApp հավելվածում: Այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը:
Թերթի տվյալներով՝ չարագործները լրտեսական ծրագիր են ներդրել՝ WhatsApp հավելվածի միջոցով զանգեր իրականացնելով հեռախոսների ընտրված համարներ: Ըստ որում վնասաբեր կոդը ներբեռնվել է, նույնիսկ եթե բաժանորդը չի վերցրել հեռախոսը, իսկ զանգի վերաբերյալ տեղեկությունները հեռացվել են հեռախոսի հիշողությունից: Նշվում է, որ գրոհի համար խոցելի են եղել iOS եւ Android հարթակներով սարքերը:
WhatsApp-ում խնդրի մասին իմացել են մայիսի սկզբին, անցյալ շաբաթ ընկերությունը դրա մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը:
Ինչպես նշում է Financial Times-ը, լրտեսական ծրագրի մշակողն Իսրայելի NSO Group մասնավոր ընկերությունն է, որն զբաղվում է կիբեռհետախուզության միջոցների արտադրությամբ:
Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ WhatsApp-ում հավաստել են կիբեռգրոհի փաստը՝ նշելով, որ այն սահմանափակ մասշտաբ է ունեցել եւ վերաբերել է մի քանի տասնյակ օգտատերերի: Ընկերությունում նաեւ տեղեկացրել են, որ խոցելիությունը, որը թույլ է տվել լրտեսող ծրագրային ապահովում տեղակայել, վերացվել է, ինչպես նաեւ օգտատերերին խորհուրդ են տվել նորացնել հավելվածի՝ իրենց տարբերակը:
WhatsApp-ի լսարանն այս պահին կազմում է 1,5 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: