Բաժիններ՝

ՀՀ դեսպանները տարբեր երկրներում մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների

Բուենոս Այրեսում մայիսի 9-ին տեղի է ունեցել Արգենտինայում հավատարմագրված ԱՊՀ անդամ պետությունների կողմից կազմակերպված՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնին նվիրված համերգը, որին ներկա էին ԱՀ ԱԳՆ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ պետությունների համայնքների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր ելույթում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն ընդգծեց Հայրենական մեծ պատերազմում հերոսացած հայ հրամանատարների, Թամանյանի 49-րդ գումարտակի, ինչպես նաև հայ հերոսների ներդրումը, որը հավերժ կմնա պատմության էջերում:

«Միջոցառմանը հնչեցին Հայրենական մեծ պատերազմի տարիների երգեր, իսկ հայ երգիչներ Ալլա Ավետիսյանի և Հարություն Ասատրյանի կատարումներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

Բուլղարիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակին:

Սոֆիայում և Պլովդիվում կազմակերպված տոնական հանդիսություններին մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Սոֆիայի կենտրոնում գտնվող Սովետական բանակի հուշարձանին, ապա Անհայտ զինվորի գերեզմանին: Օրվա երկրորդ կեսին դեսպան Սարգսյանն այցելեց Պլովդիվ քաղաք, որտեղ ծաղկեպսակ զետեղեց հայտնի «Ալյոշա» հուշարձանին:

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ մեկտեղ, մասնակցեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ մայրաքաղաք Նուր-Սուլթանից «Մայր հայրենիք» հուշարձան ընկած տարածքով կազմակերպված «Անմահ գունդ» քայլերթին: Իսկ ՂՀ-ում ՀՀ ռազմական կցորդ Գրիգոր Տոնաբեկյանը մասնակցեց Հայրենիքի պաշտպանի հրապարակում տեղի ունեցած ծաղկեպսակների զետեղման արարողությանը, որին ներկա էին ՂՀ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՂՀ Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան, ՂՀ վարչապետ Ասկար Մամինը:

Հաջորդ օրը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանն այցելեց Եսիլ քաղաք (Ակմոլինսկի մարզ): ՀՀ դեսպանին և նրան ուղեկցող անձանց դիմավորեց Եսիլի շրջանի ակիմ Սերիկ Բալժանովը: ՀՀ դեսպանը և Եսիլի շրջանի ակիմը, ՂՀ-ում ՀՀ ռազմական կցորդ Գրիգոր Տոնաբեկյանի, Նուր-Սուլթանի և Կոկչետավի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև շրջանի ռուս, տաջիկ և հույն համայնքների ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեցին քաղաքի գերեզմանատուն, ծաղկեպսակ դրեցին Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանի (1912-1990թթ.) շիրիմին (Իշխան Սարիբեկյանը հերոսի կոչման է արժանացել 1944թ. ապրիլին՝ Սևաստոպոլի Սապուն լեռան անառիկ համարվող ամրությունները գրավելիս ցուցաբերած բացառիկ արիության համար):

Իսպանիայում ՀՀ դեսպանության դիվանագետները մայիսի 9-ին մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ Ռուսաստանի դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը և ծաղկեպսակ զետեղեցին Խորհրդային կամավորների հիշատակին հուշարձանին:

Իսպանիայում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էդուարդ Հարությունյանն իր ելույթում շնորհավորեց ներկաներին Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ կարևորելով հարյուր հազարավոր հայերի դերակատարությունն այս հաղթանակի կերտման գործում:

Բաթումում մայիսի 12-ին կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված Մայիսյան եռատոնին. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-րդ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձերին:

Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվեց հոգահանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման մարտերում զոհված մարտիկների՝ ՀԱԵ վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ: Ներկաների առջև ելույթներով հանդես են եկել ՀԱԵ հոգևոր հովիվը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

ԱՊՀ գործադիր կոմիտեի կենտրոնակայանում բացվել և գործում է Հաղթանակի օրվան նվիրված ֆոտո և վիդեոցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Բելառուսում հավատարմագրված ԱՊՀ մասնակից պետությունների դեսպանությունների աջակցությամբ։

Ցուցահանդեսին առանձին վահանակով ներկայացված են նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայազգի ականավոր զորահրամանատարի լուսանկարներ և համապատասխան նյութեր, որոնց ամփոփման հարցում աջակցություն է ցուցաբերել «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանը։ Ներկայացված նյութերում առանձին ուշադրություն է գրավում ԽՍՀՄ հայ մարշալներին և հատկապես Բելառուսի ազատագրման համատեքստում Հովհաննես Բաղրամյանին վերաբերող նյութերը, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» տանկային զորամիավորին առնչվող լուսանկարները, որը ևս ակտիվ մասնակցություն է ունեցել Բելառուսի ազատագրման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս