«Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամ»-ի անդամները հանդիպեցին Մեծ Հաղթանակի վետերանների հետ
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ մայիսի 13-ին տեղի ունեցավ Մեծ Հաղթանակի վետերանների մեծարման երեկո, որին մասնակցում էին նաև Ռուսաստանից ժամանած հյուրեր:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ մայիսի 12-14-ը Հայաստան են այցելել «Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամ»-ի անդամները:
Նրանք Հայրենական Մեծ պատերազմի խորհրդային բանակի զորավարների ժառանգներն են, որոնց շարքերում են նաև հայ մեծանուն զորավարներ, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի ժառանգները:
Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ հիմնադրամի անդամներն արդեն իսկ եղել են Գեղարքունիքի մարզում, այցելել են Գառնու տաճար, Գեղարդի վանական համալիր, հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի տիկնոջ, Հայաստանում ՌԴ դեսպանի, ինչպես նաև վետերանների հետ:
«Վաղն արդեն վերադառնալու ենք Մոսկվա, սակայն մինչ այդ պետք է այցելենք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, Էջմիածին ու հանդիպելու ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ»,- նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահը:
Մարշալ Բաղրամյանի ծոռը՝ Անդրեյ Զայցևը, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է:
«Այստեղ եկել եմ մորս և հորեղբորս հետ: Ուրախ եմ, որ այստեղ եմ, անգամ այլ կերպ եմ շնչում, յուրահատուկ զգացողություններ են իմ մեջ արթնացել»,- ասաց Բաղրամյանի ծոռը:
Նա նկատեց, որ Հովհաննես Բաղրամյանի մահից շատ ավելի ուշ է ծնվել և չի տեսել նրան:
«Շատ եմ ցավում այդ կապակցությամբ, որ չեմ տեսել նրան, քանի որ հիմա եմ հասկանում, որ կցանկանայի նստել, իր հետ խոսել, տարբեր հարցեր տալ»,- նշեց Անդրեյ Զայցևը:
Մարշալ Համազասպ Բաբաջանյանի թոռնուհին՝ Յուլիա Մարկոսը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ինքն առաջին անգամ չէ, որ Հայաստանում է, սակայն հիմնականում անմիջապես գնացել է Արցախի Հանրապետություն, քանի որ արմատներով հենց այնտեղից է:
«Սա ինձ համար ամենայուրահատուկ այցն է Հայաստան, փոքր ժամանակ հորս հետ եմ եղել այստեղ, հետո՝ 18 տարի առաջ, եղել եմ ավագ որդուս կնունքին: Այժմ տեսնում եմ, որ Երևանն ավելի է գեղեցկացել, մաքուր է և եվրոպականացվել է, գեղեցիկ լուսային լուծումներով: Ժողովուրդն էլ, կարծես, ավելի հանգիստ է, երջանկության նոր ժամանակաշրջան է բացվել»,- տպավորություններով կիսվեց Բաբաջանյանի թոռնուհին:
Նա ընդգծեց, որ բախտ ունեցել է տեսնել պապին, սակայն 6 տարեկան է եղել, երբ նա մահացել է: Յուլիան նկատեց, որ նա շատ էր սիրում երեխաների, ոչ միայն իր, այլև անծանոթների:
«Ես էլ ունեմ այդ նույն բնավորությունը: Ինքը շատ լավ էր նկարում ու ինձ հետ շատ էր սիրում նկարել, ես էլ այժմ նկարում եմ: Մեր նմանությունները շատ են, անգամ երկուսս էլ գանգրահեր ենք»,- նշեց Բաբաջանյանի թոռնուհին: