«Մենք լուրջ դժվարություններ ենք ստեղծել մեզ համար Վաշինգտոնում. այն պատուհանը, որ բացվել էր, արդեն փակվել է»
Հարցազրույց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ, որն օրերս՝ շուրջ 2 շաբաթ, Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի, բանակի քարտուղարի հետ, հանրապետական և դեմոկրատական գիտական կենտրոններում (think tanks), հայկական լոբբիստների հետ, նաև մասնակցել է Ռուսաստանին հակազդելու թեմայով Կոնգրեսական լսումներին։
– Պարոն Սարգսյան, ԱՄՆ Ձեր այցից հետո հայտարարել եք, որ հայ-ամերիկյան հարաբերություններում քաղաքական պատուհանն արդեն փակվել է։ Ինչո՞ւ։
– Խոսքն այն հնարավորությունների մասին է, որն ԱՄՆ-ը տեսավ ՀՀ-ում 1 տարի առաջ տեղի ունեցած քաղաքական գործընթացների արդյունքում։ Ընդհանրապես, ցանկացած հեղափոխություն նոր հնարավորություններ և նոր մարտահրավերներ է բերում։
Մենք ունեինք լավ հնարավորություն ամբողջ աշխարհին ներկայացնելու այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, և նաև դրա դիմաց որոշ դրական գործընթացներ նախաձեռնել ՀՀ համար, բայց քանի որ մենք շատ դանդաղեցինք և վարանեցինք, ավելի ակտիվ գործողություններ չկատարեցինք, դրա համար, կարծում եմ, այն պատուհանը, որ բացվել էր, արդեն փակվել է։
Կարծում եմ՝ այլևս հնարավոր չի լինելու ԱՄՆ-ի ու նաև նրա գործընկեր պետությունների հետ խորացնել հարաբերություններն ու նոր մակարդակի, նոր որակի բերել։ Մենք այդ պատուհանից չօգտվեցինք և այսօր՝ իշխանափոխությունից մեկ տարի անց, հստակ կարող ենք արձանագրել, որ այդ հնարավորությունը բաց ենք թողել։
– Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին քննադատել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը չի աջակցել ՀՀ-ին հեղափոխությունից հետո, ասել է, որ դա ճիշտ չէ՝ իշխանափոխությունից հետո 6 ամսում ՀՀ-ին տրամադրվել է հավելյալ 14 մլն դոլար, մինչդեռ Փաշինյանն անհրաժեշտ է համարում քննադատել ԱՄՆ-ին՝ փորձելով սփոփել ՌԴ-ին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և Ձեր այցի ընթացքում ի՞նչ տրամադրություններ կային ՀՀ-ի հանդեպ։
– Անձամբ հանդիպել եմ Փոլ Սթրոնսկու հետ, քննարկել եմ նաև իր կողմից բարձրացված այդ թեզերը։ Իրականում ՀՀ իշխանափոխությունից հետո ԱՄՆ-ը մի քանի մակարդակով՝ նախագահի, ԱՄՆ Պետքարտուղարության և այլ, շնորհավորական ուղերձներ է հղել, և լրացուցիչ մի քանի միլիոն դոլարի օգնություն է տրամադրել։
Օրեր առաջ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի գլխավորած պատվիրակությունը, ստորագրվեց համաձայնագիր, որով USAID-ի միջոցներից լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրվեց Հայաստանին, այսինքն՝ այս համաձայնագիրը վաղուց էր բանակցվել, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ից լրացուցիչ օգնություն եկել է ու շարունակելու է գալ։
Կարծում եմ՝ Սթրոնսկու հայտարարությունները սրա հետ պետք է կապել, որ աջակցություն եղել է՝ թե՛ քաղաքական առումով հայտարարությունների տեքստով, այդ թվում՝ նախագահ Թրամփից, թե՛ նաև ֆինանսական միջոցների տրամադրման տեքստով։
– Բայց Ն.Փաշինյանի պնդմամբ՝ իր կառավարությունը ո՛չ ռուսամետ է, ո՛չ ամերիկամետ։
– Բնական է, որ ՀՀ ցանկացած ղեկավար պետք է փորձի բալանսավորված հարաբերություններ պահել ՌԴ-ի, Արևմուտքի, ԱՄՆ-ի միջև, բայց դա, իհարկե, բարդ խնդիր է, հատկապես՝ հաշվի առնելով ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Իրան հարաբերությունների ներկա լարվածությունը։ Այդուհանդերձ, ՀՀ-ն պարտավոր է այդ բալանսը պահել։ Թեև Փաշինյանի վերջին 2 հայտարարություններն այդ տեսանկյունից մի քիչ բարդ է դրական գնահատել, որովհետև ԱՄՆ-ում էլ դրանք միանշանակորեն դրական չեն ընդունվել, և դրանց հետո կապված՝ մեծ անհամաձայնություն կա։ ԱՄՆ-ը չի հասկանում, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ ԱՄՆ կողմից փաստացի աջակցության առկայության պայմաններում։
– Սթրոնսկին նաև ասել է, որ ԱՄՆ-ում պատրաստված հայ ականազերծողների տեղակայումը Սիրիայում՝ ի աջակցություն Ռուսաստանի, Վաշինգտոնում անհանգստությունների պատճառ է։
– Խաղաղապահների տեղակայումը Սիրիայում, իրոք, որպես լուրջ խնդիր է ընկալվել ԱՄՆ-ում, և ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ինչ-որ բալանսի բերեն այդ իրավիճակը։ ԱՄՆ-ում սա դիտվում է՝ որպես միակողմանի քայլ, բազմավեկտոր, բալանսավորված արտաքին քաղաքականության վրա ազդող հանգամանք, որը ՀՀ իշխանությունները կայացրել են։ Եվ սրա պատճառով մենք լուրջ դժվարություններ ենք ստեղծել մեզ համար Վաշինգտոնում։ Կրկնեմ՝ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ իրավիճակը շտկելու համար։
– Բայց ՀՀ իշխանություները պնդում էին, թե ԱՄՆ-ում ընկալել են, որ պատճառը սիրիահայերի գործոնն է։ Փաստորեն՝ ՀՀ իշխանություններն ամբողջությամբ չե՞ն պատկերացնում, թե ինչ է կատարվում։
– Ոչ, չեն պատկերացնում, և ԱՄՆ-ի կողմից հնչած 2 հայտարարություններն ընդամենը սկիզբն է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այդ մտքի հետ չի հաշտվի, ու որքան էլ Հայաստանը կարծի, թե այդ երկու հայտարարություններով թեման փակված է, եթե անգամ ԱՄՆ-ը ասի, որ ընկալումով է մոտենում, դա բնավ չի նշանակում, որ թեման փակված է։ Կարծում եմ՝ դա դեռևս շատ է խանգարելու մեզ ԱՄՆ-ի հետ մեր ապագա հարաբերություններում։