«Ովքեր փոխում են գինը, խոստովանում են, որ նախկինում սպառողներին խաբե՞լ են». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերի հրատապ թեմային՝ գազալցակայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին: Ըստ նրա՝ օրենքի նախագծի քննարկման ժամանակ մի քանի անգամ արձանագրել են, որ դա անում են սպառողների շահերի պաշտպանության համար, նաև արձանագրել են, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել:
Դիմելով Շուկայի վերահսկողության տեսչության ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ հարցը քննարկելիս նա նշել է, որ գազալցակայանների 30%-ում է խնդիր առաջանում:
Ա.Կոտոլյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրել են շուկան, գազի գինն այսօրվա դրությամբ ամբողջ Հայաստանում տատանվում է 255-310 դրամի սահմաններում: Ըստ նրա՝ նախկինում, երբ գազը վաճառվում էր խմ-ով, իրենց հաշվարկով, կիլոգրամի անցնելու դեպքում 270 դրամ պետք է լիներ, բայց որոշ կայաններ թանկացրել են մինչև 310 դրամ: Ա.Կոտոլյանի խոսքով՝ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն իրեն բացատրել է, որ նախկինում տնտեսվարողները հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով գինը ցածր պահել, այսինքն՝ 220 դրամ թերլիցքավորման դեպքում, իսկ այսօր դրա հնարավորությունը չունենալու պատճառով գին են բարձրացրել՝ մինչև 310 դրամ:
Ն.Փաշինյանը ֆինանսների նախարարից ու ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝ համոզվա՞ծ եք, որ ճիշտ բանաձև է դրվել օրենքում:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսվարողները չէին կարող գինը բարձրացնել, որովհետև խոսքը միայն չափման միավորին էր վերաբերում, ոչ թե գումարի փոփոխությանը, և, եթե նախկինում չափման միավորը խմ էր, որը տարբեր պայմաններում կարող էր տարբեր քաշ ունենալ, այդ քաշի պայմաններում նախկին գինը, այլ հավասար պայմաններում, եթե որևէ չարաշահում չէր եղել, չպետք է փոխվեր:
«Հետևաբար՝ ովքեր փոխում են գինը, խոստովանում են, որ նախկինում սպառողներին խաբե՞լ են»,- հարցրեց վարչապետը:
«Ըստ էության՝ այո»,- պատասխանեց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ նախկինում 1000 խմ գազի դիմաց վարորդները վճարել են 2000 դրամ, բայց փաստացի լիցքավորվել է շատ ավելի պակաս, իսկ այսօր տնտեսվարողները, հնարավորություն չունենալով կգ-ի մեջ այդպիսի շեղումներ տալու, վաճառում են 310 դրամով: Սակայն, ըստ նրա, կիլոմետրաժի վրա վարորդները պետք է զգան, գրեթե նույն գումարով ավելի շատ կիլոմետր են վարում, քան նախկինում:
Դ.Անանյանի խոսքով՝ 33 կազմակերպության վրա կա հարկային պարտավորություններ՝ 22 մլրդ դրամի չափով: Ընթանում են դատական պրոցեսներ:
«Խնդիրն այն է, որ մեր հաշվարկով գազը պետք է լիներ 270 դրամ, բայց 310 է»,- ասաց վարչապետը:
Դ.Անանյանը արձանագրեց, որ նախկինում նշվող արժեքներն իրական չեն եղել, իսկ այդ խաբելու հանգամանքը հիմա մեր հայրենակիցները հաշվի չեն առնում:
«Հետևաբար՝ մեր հայրենակիցների շահերից ճիշտ որոշում ենք կայացրել»,- փաստեց վարչապետը:
Դ.Անանյանը հաստատեց և նշեց, որ գազալցակայանների հետ իրենք աշխատանք ունեն անելու, նաև ՏՄՊՊՀ-ն ու շուկայի վերահսկողության տեսչությունն անելիք ունեն:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություն են սկսել գազի ու բենզինի շուկայում և պետք է պարզեն՝ կա՞ հակամրցակցային համաձայնություն կամ որևէ այլ մրցակցային խախտում:
Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ այդ երկու ոլորտում էլ քաղաքականությանն առնչություն ունեցող մարդիկ կան, և նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ. «Ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի քաղաքական շահարկումների առիթ տալ: Եթե տան, պետք է շատ լուրջ զբաղվենք: Գուցե շատ դեպքերում դանդաղ ենք աշխատում, և որոշներն առիթավորվում են: Այսպիսի բան չպետք է թույլ տալ: Շատ դեպքերում, հնարավոր է, իսկապես շատ մեղմ ենք վարվում»:
Դ.Անանյանի դիտարկմամբ՝ այն տնտեսվարողը, որ այժմ գազը 310 դրամ է վաճառում, նախկինում է խաբել, եթե 255 դրամով է վաճառվում, դեմպինգ է անում:
Ն. Փաշինյանը նկատեց, որ կարող է՝ հարակից ենթակառուցվածքներ կան՝ սրճարաններ և այլն: Նա հանձնարարեց ՊԵԿ-ին, ՏՄՊՊՀ-ին և Շուկայի վերահսկողության տեսչությանը համատեղ աշխատել՝ շեշտելով, որ իրենց նպատակը միայն սպառողի շահերի պաշտպանությունն է, ֆիսկալ որևէ նպատակ չկա: