
«Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Լոռի»-ն. արդյունքում, ավելի ուժեղ գտնվեց Երևանի «Ալաշկերտ»-ը: Մինչ կմեկնարկեր հանդիպումը, ներկաների ողջունեց և ակումբերին հաջողություն մաղթեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Հանդիպման մեկնարկը հաջող չդասավորվեց վանաձորյան ակումբի համար: «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ստիպված էր փոփոխություն կատարել, քանի որ ոտքի մկանն էր ձգել Արամ Քոչարյանը: Առաջին կեսի ամբողջ ընթացքում երկու թիմերը զգույշ էին գործում և աչքի չէին ընկնում կտրուկ գրոհներով: Երկրորդ կեսում ակումբները ավելացրեցին խաղի տեմպը և «Ալաշկերտ»-ը սուր գրոհներով անկյունայինի խաղարկումից հետո առաջ անցավ հաշվի մեջ, քանի որ «Լոռի»-ի պաշտպան Ֆրայդին դարձավ ինքնագոլի հեղինակ:
Բաց թողած գնդակից հետո վանաձորյան ակումբը նետվեց հետ բերելու կորցրածը, բայց այդպես էլ գոլ չխփեց և պարտվեց նվազագույն հաշվով:
Երևանի «Ալաշկերտ»-ը, որը նախորդ տարի ևս դուրս էր եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն պարտվել էր «Գանձասար-Կապան»-ին, երկրորդ փորձից կարողացավ դառնալ Հայաստանի գավաթակիր: