«Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել, որովհետև նման անհրաժեշտություն չի առաջացել». Արթուր Վանեցյան

Այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) նյութեր են ոչնչացրել, և ծառայողական քննություն է իրականացվում։

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է այդ ամենը պարզվել, և ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ, և, օրինակ, ինչո՞ւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը բանտում չէ։

«Պարոն Բաբաջանյան, ճիշտն ասած, օրը չեմ հիշում, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել։ Եվ սկսվել է ուսումնասիրության գործընթացը։ Այս մասին տեղեկությունը որոշել են հրապարակել, քանի որ շատ են հնչում հարցադրումներ կառավարության հասցեին: Մասնավորապես, հարցադրումներ են հնչում, թե ԱԱԾ-ն ի՞նչ է՝ չգիտի՞՝ Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել: Մեկ-երկու, ու հանկարծ հասկանում ես, որ ինչ-որ կերպ պետք է արձագանքել նման հայտարարություններին: Եվ որոշեցինք այս թեման բարձրաձայնել, որ հանրությունը և դուք տեղեկացված լինեք՝ ինչ է կատարվել»,- հայտարարեց Փաշինյանը՝ անկեղծանալով, որ իր համար դժվար է եղել նման բանի հավատալ:

Ի դեպ, նա հայտարարեց, որ ասում է՝ ոչնչացվել են փաստաթղթերը, նյութերը, բայց ճիշտ կլինի ասել՝ դրանք տեղում չեն:

«Կարող է՝ վառվել են, կարող է՝ պահվել են, կարող է՝ ոչնչացվել են…  Փաստն այն է, որ տեղում չեն, ինչ-որ բան տեղի է ունեցել: Նախ, պետք է համոզվել, որ մենք ճիշտ ենք հասկանում իրավիճակը: Ծառայողական քննություն է իրականացվում, դրանք քողարկված են: Ես չպնդեմ, բայց հավանական եմ համարում, որ փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի, իսկ թե ով կհայտնվի բանտում կամ չի հայտնվի, էդ հարցում իմ դիրքորոշումը գիտեք»,- ասաց Փաշինյանը, ով մինչ այդ, ընդամենը ժամեր առաջ հրավիրված ասուլիսում ի լուր աշխարհի հայտարարել էր, թե դիտավորյալ ոչնչացրել են ԱԱԾ որոշ նյութեր:

Փաշինյանին բնորոշ է՝ սկզբում մի բան հայտարարել, հետո՝ այլ բան, վերջում պարզվի՝ բոլորովին այլ բան։ Հասկանալի է, չէ՞, որ ասուլիսում իր կողմից արված հայտարարությունը՝ ԱԱԾ-ից նյութերի անհետացման մասին, պատասխանատու հայտարարություն է, որը պետք է հետևանքներ ունենա։

Ավելի ուշ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ֆուտբոլի 14 տարեկանների ազգային հավաքականի՝ Ղազախստանի դեմ խաղին ժամանած ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանից Factor.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյոք այս գործի շրջանակներում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը հարցաքննվե՞լ է։

«Ոչ, չի հարցաքննվել, որովհետև նման անհրաժեշտություն չի առաջացել։ Եթե առաջանա, ոչ միայն պարոն Կուտոյանը, այլև ցանկացած մարդ կհարցաքննվի»,- ասաց ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանը։

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է պատահում, որ կարևորագույն փաստաթղթեր են անհետանում, ու ԱԱԾ նախկին տնօրենին հարցաքննելու կարիք չի լինում, Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը չի ուզում խորանալ ծառայողական քննության մանրուքների մեջ, որովհետև դրա կարիքն այս պահին չկա, ոչ էլ իրավունք ունի խորանալու։

«Կգա ժամանակը, ինքներդ կտեսնեք՝ ինչ է արվել։ Առանց այն էլ ԱԱԾ-ն վերջին շրջանում չափից ավելի հրապարակային է, որը, ի դեպ, ես ողջունում եմ»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս