Քաղաքացիները՝ վարչապետի հնչեցրած «փաստերի» մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ավելի քան 5.5 ժամ տևողության ասուլիսում ընթերցեց 100 կետից բաղկացած մի տեքստ, որը նա անվանում էր «100 փաստեր»՝ իր կառավարման այս մեկ տարվա ընթացքում կատարված գործերի, տրված խոստումների։
Օրինակ, այդ ցանկում նշել էր, թե այս մեկ տարվա ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակը, ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզանձանց վարկերի տույժերն ու տուգանքները, մաքրվել է մոտ 125 հազար վարկառուների վարկային պարտավորությունը, և այլն, և այլն։ 168.am–ը փորձեց նշված կետերի շուրջ խոսել համաքաղաքացիների հետ։
Տեսախցիկից ու հարցերից խուսափող մեր համաքաղաքացիները, սակայն, հիմնականում խուսափում էին խոսել։ Մի քանիսը միայն համաձայնեցին խոսել առանց տեսախցիկի։ Նրանցից մեկի համար, օրինակ՝ փոփոխությունը նախորդ իշխանություններից ազատվելն էր։ Մեկ ուրիշը նշեց, որ հեղափոխությունից առաջ բանկի սև ցուցակում էր ու դեռ շարունակում է մնալ այդ սև ցուցակում։
«Հես ա նարդին դրած՝ աշխատում ենք, էլի»,- աշխատատեղերի մասին հարցին հումորով արձագանքեց մի տաքսիստ։
Վերնիսաժում բանաստեղծուհի տիկին Անահիտ Դանիելյանը միայն տեսախցիկի առաջ խոսեց իրեն մտահոգող խնդիրների մասին:
«Ինչո՞ւ պետությունը կարող է պաշտոնատար անձերի աշխատավարձերը բարձրացնել, պարգևավճարներ տալ, իսկ թշվառ թոշակառուն ընդամենը 30 հազար է ստանում 35 տարի աշխատելուց հետո։ Ինչո՞ւ պիտի իմ երկրում սահմանափակվեմ կարմիր գծերով»,- ցավով նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ