ԵՄ-ի ղեկավարները միջուկային գործարքի մասին Իրանի հայտարարությունը կքննարկեն մայիսի 9-ի գագաթնաժողովում
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները իրանական միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ Իրանի վերջնագիրը կքննարկեն մայիսի 9-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:
«Մենք ներկայում գնահատում ենք Իրանի հայտարարությունը, ինչին կհետեւի մեր արձագանքը,-պատմել է գործակալութղյան զրուցակիցը:-Այդ հարցը քննարկվելու է ե՛ւ Սիբիուի գագաթնաժողովում, ե՛ւ մայիսի 13-ին Բրյուսելում ԵՄ-ի խորհրդի ԱԳ նախարարների մակարդակով նիստում: Ավելի վաղ Իրանը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի դեսպաններին տեղեկացրել է, որ դադարեցնում է իր կողմից ԳՀՀԾ-ի առանձին դրույթների կատարումը:
Նշված պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ուղարկվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղերձը, որում նա պարզաբանել Է խնդրո առարկայի շուրջ երկրի դիրքորոշումը: Ռոուհանին ասել է, որ Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման եւ Արաքի ռեակտորի արդիականացման աշխատանքները, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները:
«ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները 60 օր ունեն բանկային ոլորտի եւ իրանական նավթի առեւտրի հարցերին վերաբերող իրենց պարտավորությունների կատարման համար: Եթե այդ ժամկետում Իրանի շահերը հաշվի չառնվեն, մենք կդադարեցնենք ուրանի հարստացման գծով պայմանների կատարումը եւ կշարունակենք Արաքի՝ ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը»,- նշել է Ռոուհանին: 60 օրվա ընթացքում Թեհրանը չի կատարելու ԳՀՀԾ-ի երկու կետով նախատեսված պայմանները:
Ինպես պարզաբանել է նախագահը, «կկասեցվեն երկրում առկա հարստացված ուրանի եւ ծանր ջրի վաճառքները մյուս երկրներին», ինչպես պահանջում է գործարքը: Ուրանը եւ ծանր ջուրը կպահվեն Իրանի տարածքում: Ռոուհանին նաեւ նշել է, որ «Իրանին այլ տարբերակ չի մնացել, քան ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունների կրճատումը», եւ երկիրը դրան դիմում է «իր իրավունքների ապահովման նպատակով», ինչպես նաեւ «բոլոր երկրների կողմից գործարքի պայմանների հավասարակշռված կատարմանը» հասնելու համար: Ռոուհանին ասել է, որ «ԳՀՀԾ-ն չի դադարեցնում իր գործողությունը», իսկ «Իրանը դուրս չի գալիս համաձայնագրից»:
«Մենք մեկ տարի սպասում էինք գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից հետո, ինչպես մեզ խորհուրդ էին տվել մյուս մասնակիցները, եւ կատարում էինք բոլոր պարտավորությունները: ԳՀՀԾ-ն չի փոփոխվել: Մենք պատրաստ ենք այսուհետեւ էլ քննարկել այդ համաձայնագիրը, դրա կատարումը»,-նշել է Իրանի նախագահը: Ռոուհանին հավելել է, որ «Եվրամիությունը մինչ այժմ չի կարողացել կատարել տնտեսական ոլորտում Իրանին տված իր խոստումները»: Մասնավորապես, խոստումները վերաբերում էին ամերիկյան պատժամիջոցների շրջանցման մեխանիզմների ստեղծմանը: