Բաժիններ՝

«Պահանջում եմ գտնել մարդասպաններին». սպանվածի մայր

Բաց նամակ՝ ուղղված ՀՀ  Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Աիմոնյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայը» խմբակցության ղեկավար

Լիլիթ Մակունցին, ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ՀՀ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, ՀՀ Ազգային անվտանգության

ծառայության պետ Արթուր Վանեցյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ

Սասուն Խաչատրյանին,  ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, «Հայկական Ժամանակ» օրաթերթին,  «Առավոտ» օրաթերթին, «168 Ժամ» թերթին՝ քաղաքացի

Կարինա Մարգարյանից (ք.Երևան., Արշակունյաց 16., բն 25)

Բողոք

2014 թվականի դեկտեմբերի 16-ին Հրազդանի կիրճում, անհայտ մարդու տանը՝ խրճիթում, հրազենային վնասվածքով հայտնաբերվել է իմ որդի Սուրեն Մարգարյանի դին։ Հարուցված քրեական գործը շատ արագ քննվելու արդյունքում կարճվեց, իբր իմ որդին կատարել է ինքնասպանություն։

Փաստաբաններիս միջամտությամբ Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը քրեական գործի կարճումը վերացրեց, նախաքննությունը իբր վերսկսվեց, սակայն որևէ քննություն գործնականում չկատարվեց, և 2016 թվականի ապրիլի 14-իև գործով վարույթը կասեցվեց մեղավոր անձի հայտնի չլինելու հիմքով։

Թե ինքնասպանության գործով ինչ մեղավոր անձ են ման գալիս, դա իրենց խնդիրն է, սակայն, միանշանակ, պնդում եմ, որ իմ որդուն սպանել են, իսկ նախորդ իշխանություններին ձեռնտու չէր հանցանքի բացահայտումը։

Զավեշտ է, որ 5 տարի քննչական կոմիտեն քննում է ինքնասպանության գործ, երբ «անհասցե անձնավորության» տանը ինքնասպանություն է գործում մտավորական, ապահովված ընտանիքի որդի, ժառանգական օդաչուն։ Ինքնասպանություն է գործել որսորդական հրացանից, աջ ձեռքով ինքն իրեն կրակելով, սակայն իմ որդին ձախլիկ էր (ընդ որում, այդ անհասցե անձնավորությունը քննիչի կողմից չքննված մնալով, դեպքից օրեր անց մահանում է)։

Ավելին, իմ որդին «ինքնասպանություն» է գործել, որից հետո պառկել է մահճակալ, ծածկվել է վերմակով, հրացանը դրել իր կողքին և «մահացել»։

Ես ոչինչ չեմ չափազանցնում, հենց գործի նյութերից հետևում է, որ հրացանի վրա չկան իմ որդու մատնահետքերը, նրա մարմնի վրա կան ծակող-կտրող բազմաթիվ հետքեր, դաստակների վրա կան ձեռնաշղթաների հետքեր, և գործի նյութերից հետևում է, որ դեկտեմբերյան ցուրտ երեկոյան միջազգային ավիաուղիների օդաչու իմ որդին եկել էր լքված խրճիթ՝ առանց վերարկուի և կոշիկների:

Խորը կսկիծով պետք է հայտնեմ նաև, որ կրակոցի հետևանքով լրիվ դեֆորմացվել էր իմ որդու գլուխը, սակայն խրճիթում որևէ բիոնյութ չի հայտնաբերվել:

Ու այս ամենով հանդերձ, հենց գործի նյութերով հիմնավորված է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում իմ որդին ստացել է սպառնալիքներ։

Այս պայմաններում Քննչական կոմիտեն և Դատախազությունը կույր ձևանալով՝ շարունակում են քննել ինքնասպանության գործ, և հեգնելով իմ ընտանիքին ու իմ որդու հիշատակը, ինքնասպանության գործը կասեցնում մեղավորի անհայտ լինելու հիմքով։

Պահանջում եմ գտնել մարդասպաններին և այն պաշտոնատար անձանց, որոնք այս տարիների ընթացքում այդպես էլ չտարբերեցին սպանությունն ինքնասպանությունից։

 

Ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն կարող են տրամադրել իմ ընտանիքի փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը /055-60-19-39/ և Կարեն Կիրակոսյանը /091 ֊990-994/։

Կարինա Մարգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս