Բաժիններ՝

ԱՄՆ-ը B-52H ռազմավարական ռմբակոծիչներ է ուղարկել Պարսից ծոց

 Իրանի հասցեին ամերիկյան սպառնալիքների ֆոնին Պենտագոնը մայիսի 8-ին B-52H Stratofortress երկու ռազմավարական ռմբակոծիչ է ուղարկել Կատարի Էլ Ուդեյդ ավիաբազա: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

Ամերիկյան ռմբակոծիչները, որոնք կարող են կրել «Թոմահավք» մեծ հեռահարության թեւավոր հրթիռներ, թռել են Լուիզիանայի նահանգի Բարքսդեյլ ավիաբազայից: Մեծ Բրիտանիայի մերձակայքում դրանք լրալիցքավորվել են ամերիկյան ինքնաթիռների կողմից, որոնք օդ էին բարձրացել Անգլիայի Միլդենհոլլ ավիաբազայից:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ եւ պատրաստ է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության կողմից իր շահերի եւ իր դաշնակիցների շահերի դեմ ոտնձգության դեպքում:

«Ի պատասխան մի շարք աճող տագնապալի նշանների եւ նախազգուշացումների Միացյալ Նահանգներն ԱՄՆ-ի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրային հարվածային խումբը եւ ռմբակոծիչների օպերատիվ խումբ է ծավալում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանում (Մերձավոր Արեւելքում), որպեսզի պարզորոշ եւ անսխալ ազդանշան ուղարկի իրանական վարչակարգին առ այն, որ Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կկասեցվի անողոք ուժով»,- հայտարարել է Բոլթոնը:

Մայիսի 6-ին Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել Է, որ Մերձավոր Արեւելք «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկելու որոշումն ընդունվել է Իրանի կողմից սպառնալիքների վերաբերյալ ստացված տվյալների հաշվառմամբ:

«Դա նախազգուշական վերատեղաբաշխում է: Խոսքը վերաբերում է իրանական ռեժիմից բխող իրական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվությանը մեր արձագանքին»,- գրել է նա իր Twitter-ում: Շանահանը հավելել է, որ ԱՄՆ-ը «կոչ է անում իրանական ռեժիմին՝ դադարեցնել բոլոր սադրանքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս