«Հերոսի հետ այդպես չեն վարվում, չեմ հասկանում, թե այս ազգի հետ ի՞նչ է կատարվում». ազատամարտիկը՝ Սեյրան Օհանյանի մասին

«Մայիսյան տոներն արժևորելը ուժեղ պետություն ստեղծելու ճիշտ հիմք է: Առավել կարևորում եմ Շուշիի գրավումը, քանի որ այն մեզ հոգեբանական առավելություն տվեց թշնամու նկատմամբ, հաղթանակի հավատ, վստահություն ներշնչեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գևորգ Տեր-Գևորգյանը:

Շարունակելով նրա խոսքը՝ խորհրդի անդամներից Վովա Առաքելյանը հավելեց. «Բոլորն էլ մեզ համար հպարտության տոներ են»:

Ասուլիսի ընթացքում ազատամարտիկներն անդրադարձան Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործերին, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի՝  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված դիմում-խնդրանքին, որը վերաբերում էր մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն:

«Կարծում եմ՝ պատերազմի ժամանակ  հերոս լինելու հանգամանքը որևէ մեկին իրավունք չի տալիս արտոնություններ ունենալ»,- նկատեց Գևորգ Տեր-Գևորգյանը:

«Եթե ժամանակին իրենք մեզ բռնում էին, Սեյրան Օհանյանն ու իր նման տղաները կանգնեին, ասեին՝ ախպեր ջան, ինչո՞ւ եք կալանավորում այդ մարդկանց, այսօր այս բանը չէր լինի: Սա հնուց է եկած»,- հավելեց Վովա Առաքելյանը:

Հարցին՝ ո՞ւմ են բանտ նստեցրել՝ Գևորգ Տեր-Գևորգյանը հակադարձեց՝ որի՞ն չեն նստեցրել՝ սկսած Սասուն Միքայելյանից:

«Սեյրանը Արցախի հերոս էլ է, չէ՞, հերոսի հետ այդպես չեն վարվում, չեմ հասկանում, թե այս ազգի հետ ի՞նչ է կատարվում: Այսօր մենք արժեքներ չենք հարգում: Եթե հարգեինք՝ հիմա Ռոբերտը դուրսը կլիներ… կամ Մարտի 1-ը… թող քննվի, Ռոբերտ կլինի, Սեյրան թե Խաչատուրով, եթե արել են՝ թող պատասխան տան, ինչի՞ մասին է խոսքը»,- ընկերոջ խոսքը շարունակեց Վովա Առաքելյանը:

 

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս