Բաժիններ՝

Գեղասահքի դպրոցը նոր անուն ունի. Ռոդնինան դեմ չէր եղել՝ ասելով. «Ինչ ուզում են, թող անեն»

Ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր նաև «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանափոխելու մասին  որոշման նախագիծը:

Նախագծի հեղինակ Անի խաչատրյանը հիշեցրեց, որ Իրինա Ռոդնինան, ում անունով անվանակոչվել է Երևանի գեղասահքի մարզադպրոցը, և ով Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ։

«Իսկ մենք, ես կարծում եմ, պետք է հստակեցնենք մեր պետության, հասարակության մոտեցումը նման անհիմն հակահայկական ոտնձգությունների նկատմամբ»,- իր խոսքում նկատեց Խաչատրյանը։

Նիստին ներկա բոլոր խմբակցությունների անդամներն իրենց ելույթներում կողմ արտահայտվեցին մարզադպրոցի անվանափոխությանը:

Երևանի ավագանին անվանափոխության որոշումն ընդունեց 52 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի առաջարկով ավագանին «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ն անվանափոխվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Իրինա Ռոդնինան ամիսներ առաջ Բաքվում մասնակցել էր Խոջալուի դեպքերին նվիրված երթին, Երևան քաղաքի ավագանու նիստում առաջարկել էին քննարկել նրա անունը կրող գեղասահքի դպրոցի վերանվանման հարցը։

Ռոդնինան այդ օրերին նաև հարցազրույցով  էր հանդես եկել հայերի կողմից իբրև թե իրագործված վայրագությունների մասին:

«Ռուսարմինֆոյի» հետ զրույցում Իրինա Ռոդնինան ասել էր, որ չի կարծում, թե Ադրբեջանում մասնակցել է հակահայկական ակցիայի: Ըստ նրա՝ ինքը մասնակցել է երթի, որը նվիրված է եղել մոտ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը՝ հավելելով, որ դա որևէ մեկի դեմ չի եղել։

«Մենք ընդհանրապես ընկերություն չենք անում ինչ-որ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ: Մեզ համար Հայաստանն ու հայերը, ինչպես նաև Ադրբեջանն ու ադրբեջանցիները երկրներ ու մարդիկ են, որոնք ժամանակին մաս են կազմել Խորհրդային Միությանը»,- ասել էր Ռոդնինան:

Պատասխանելով Երևանում գեղասահքի դպրոցի անվանափոխության հնարավորության մասին հարցին, Ռոդնինան ասել էր, որ իր անունը կրում է ոչ թե դպրոցը, այլ սահադաշտը, որը կառուցվել է ռուսական փողերով:

«Դա վերջին 20 տարում Հայաստանում կառուցված առաջին սպորտային կառույցն է: Դա նրանց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ հանգիստ է վերաբերվում հնարավոր անվանափոխությանը, սակայն վատ է զգում այն մարդկանց համար, ովքեր ջանք ու միջոցներ են ներդրել այդ գործում: «Թող անեն, ինչ ուզում են, դա նրանց գործն է: Ինչպես անվանես նավը, այնպես էլ կլինի նավարկությունը»,- հավելել էր նա:

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս