Խաժակյանը հիշեցրեց քաղաքապետի թեկնածու Փաշինյանի նախընտրական խոստումները
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի քննարկման օրակարգում էին քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության աղմկահարույց հարցերը։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հաստիքացուցակների նախագծին: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով լուրջ տարաձայնությունները, հարցն օրակարգից հանեց, ինչն արժանացավ ծափահարությունների։ «Մենք լայն կերպով կքննարկենք այն, նաև կիրազեկենք մեր հանրությանը և նորից կվերադառնանք այս դահլիճ»,- հավելեց Մարությանը։
Արտահերթ նիստին արտահերթ ելույթով հանդես եկավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով ներկաներին հիշեցրեց 2017 թվականին Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ երևանցիներին ուղղված ելույթից մի հատված։
«Պաշտոնապես ասում եմ՝ Երևանի քաղաքապետի կարգավիճակն ինձ համար ոչ թե քանդելու, փրթել-թափելու, մարդկանց տոկի տալու միջոց է, այլ ստեղծելու, արարելու, Երևանին նոր շունչ ու թարմություն հաղորդելու միջոց է»,- մեջբերում է Խաժակյանը՝ նկատելով, որ ինքը և իր թիմը այդ ժամանակ կանգնած էին Երևանին նոր շունչ հաղորդող, ոչ թե քանդող և քաղաքական հակակրանքներ կիրառող Երևանի քաղաքապետի թեկնածուի կողքին։
«Երկու տարի առաջ այս շրջանն էր՝ մայիս ամիսը, երբ մենք շրջում էինք բակերով և ասում, որ հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, աղբի ու փոշու կույտերից ելք կա. 1 տարի և 4 ամիս անց Դուք և Ձեր քաղաքական թիմի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցիք, որ սրանք ընտրություններ են սևի և սպիտակի միջև, որ քվեարկելով ձեր օգտին, քաղաքացիները քվեարկում են խորհրդարանի արձակման և հեղափոխության վերջնական կայացման օգտին։ Խորհրդարանն արձակվեց, հեղափոխությունը կայացավ, և թվում էր, որ գոնե 80 տոկոսի չափով դուք պետք է կյանքի կոչեք մարդկանց սպասումները։ Դրանից էլ անցան ամիսներ։ Օրեր առաջ մայրաքաղաքում այրվեց հուսահատության գազելներից մեկը. հանրային տրանսպորտի վիճակն էլ ավելի է վատթարացել։ Եվ քաղաքացիները հարցնում են Ձեզ՝ տրանսպորտի խնդրի լուծմանը 0.1 նանոմետրով մոտենալու համա՞ր եք փորձում կրկնապատկել Ձեր աշխատավարձը»,- ելույթում Մարությանին դիմեց Խաժակյանը։
Զարուհի Դիլանյան