«Ես այսօր էլ ձեզ հետ եմ, և եթե հարկ լինի, կկանգնեմ արիաբար մարտնչող զինվորի, հրամանատարի կողքին». Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ
Արցախյան հերոսամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր
Ազգային բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր
Առանձնահատուկ սիրով և հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝ Եռատոնի կապակցությամբ։
Անցել է կես դարից ավելի, սակայն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ միության հաղթանակը այսօր էլ արիության ու նվիրումի, խաղաղությունը գնահատելու և փայփայելու, համամարդկային հանդուրժողականության մեծագույն դաս է երիտասարդ սերունդների համար։ Կողք կողքի մարտնչելով՝ մեր պապերն ու հայրերը, որտեղից էլ լինեն ծնունդով՝ արևմուտքից թե արևելքից, հարավից թե հյուսիսից, դարձել են զինակից եղբայրներ, մարտական ընկերներ և իրենց կյանքը նվիրաբերելով՝ կանգնեցրել ավերածությունների, անդառնալի ողբերգությունների, ցեղասպանության այն ահեղ, դժոխային հորձանուտը, որ մոլեգնում էր Երկրորդ աշխարհամարտի ծանրագույն տարիներին։
Տոգորված մեր պապերի և հայրերի սխրանքներով, տոկունությամբ, նրանց փորձով իմաստնացած՝ հայ ժողովուրդը շարունակել է պայքարել՝ պաշտպանելով նախնիների դարավոր բնօրրանում ազատ, անկախ ապրելու իր իրավունքը և նոր, փառահեղ հաղթանակներ կերտել, որոնցից է հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի ազատագրումը. այն բեկումնային դարձավ Արցախյան պատերազմում և նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ։
Պատերազմի դաշտում ձևավորված կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների ջոկատները, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, մեկ բռունցք դարձած, փառքով են կատարել իրենց խնդիրը և հետագայում էլ նույն վճռականությամբ Հայկական բանակի առաջամարտիկները դարձել՝ գիտակցելով, որ Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը, հայ ժողովրդի անվտանգությունն ապահովել կարող են միայն վերից վար հստակ ենթակայությամբ գործող, միասնական ծրագրով առաջնորդվող և մեկ միասնական հրամանատարություն ունեցող կանոնավոր զինված ուժերը։
Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տոնում է իր կազմավորման 27-րդ տարեդարձը:
Եվ ես ուզում եմ առաջնահերթորեն շնորհավորել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որտեղ անցել են իմ ծառայության ամենաբարդ, ամենապատվաբեր տարիները. նա այսօր էլ շատ հարազատ և թանկ է ինձ համար։
Նա է Արցախի անվտանգության, ռազմաքաղաքական կայունության և խաղաղության երաշխավորը և արդեն մեկ քառորդ դար պատվով է լուծում իր առջև դրված բարդ խնդիրները:
Ես չափազանց բարձր եմ գնահատում եմ այն ազնիվ նվիրումը, անտրտունջ ջանքերը, որով ազգային բանակի զինվորներն ու հրամանատարները շարունակում են կատարելագործել իրենց մարտական պատրաստվածությունն ու կարողությունները և արժանապատվորեն իրականացնում ամենօրյա լարված և հիրավի հերոսական ծառայությունը՝ անառիկ պահելով մեր մարտական ընկերների, մեր որդիների արյամբ գծված սահմանները:
Վստահեցնում եմ` ես այսօր էլ ձեզ հետ եմ, և եթե հարկ լինի, կկանգնեմ արիաբար մարտնչող զինվորի, հրամանատարի կողքին:
Արցախյան պատերազմի տարիներին՝ ոչ միայն հաղթանակների, այլև ծանր նահանջի ժամանակներում, կազմավորվել է նաև Երկրապահ կամավորականների միությունը, և մայիսի 8-ին մենք նաև նրանց՝ Երկրապահի օրն ենք նշում՝ գիտակցելով, որ այսօր երկրապահ է Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, և յուրաքանչյուր հաղթանակի ու պարտության համար պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով և իմ խորին երախտագիտությունը հայտնելով մեր երկաթե, անընկճելի ժողովրդին՝ խաղաղություն, արժանապատիվ և բարեկեցիկ ապագա եմ մաղթում նրան և խորապես հավատում նրա մեծ ու երջանիկ ապագային։
…Ես համոզված եմ՝ Արցախյան գոյամարտի անցյալ և ապագա վեհության մասին դեռ նոր ասքեր են հյուսվելու…
Եվ սերունդները հավերժ խոնարհվելու են այն քաջերի շիրիմներին, որոնք Արցախյան հերոսամարտի առաջին օրից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր իրենց կյանքն են զոհաբերել հանուն խաղաղության, հանուն մեր փոքրիկ, սրբազան հողակտորի»։