
Մարտի 1-ի գործով նոր դատավորը խոստում է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1»-ի քրեական գործով նոր դատավոր է նշանակվել՝ Դավիթ Գրիգորյանը, այն բանից հետո, երբ մեկ այլ դատավոր՝ Վարդան Գրիգորյանը, ինքնաբացարկ էր հայտնել:
Թերթին հայտնի դարձավ, որ դատավորների ինքնաբացարկի թեման դատական համակարգում քննարկումների առիթ է հանդիսացել, եւ նշվել է, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվի մեկ այլ դատավորի, եւ եթե նա անհիմն ինքնաբացարկ հայտնի, ապա դա կլինի դատական համակարգի ամոթը:
Ավելին, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` անգամ հարց է բարձրացվել, որ եթե դատավորները «Մարտի 1»-ի քրեական գործով անհիմն ինքնաբացարկ հայտնեն, ապա կբարձրացվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ անխուսափելիորեն պատժելու հարցը:
Ահա, խաղի կանոնները հստակեցնելուց հետո գործը մակագրվել է Դավիթ Գրիգորյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նա հայտնել է, որ ինքնաբացարկ չի հայտնելու եւ կքննի քրեական գործը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: