Բաժիններ՝

Մյանմայում ազատել են Reuters-ի լրագրողներին, որոնց մեղադրում էին պետական գաղտնիքի հրապարակման մեջ

Մյանմայում ռոհինջաների ճգնաժամը լուսաբանելուց հետո բանտարկված Reuters-ի լրագրողներին ազատ են արձակել նախագահական համաներումով, տեղեկացնում է BBC-ին: 33-ամյա Վա Լոնը եւ 29-ամյա Կյա Սո Օոն ավելի քան 500 օր են անցկացրել Մյանմայի Յանգոնի ծայրամասում գտնվող բանտում: Նրանց ազատ են արձակել այն բանից մեկ ամիս անց, երբ Մյանմայի Գերագույն դատարանը մերժեց դատավճռի նրանց բողոքարկումը:

Լրագրողներին ազատել են հազարավոր այլ բանտարկյալների հետ միասին. երկրում համաներումներն ավանդաբար անցկացվում են Նոր տարվա նախօրեին: Ռոհինջա-մուսուլմանների սպանությունների հետաքննությամբ զբաղվող լրագրողներին անցյալ տարվա սեպտեմբերին մեղադրել էին պետական գաղտնիքի հրապարակման մասին հոդվածով եւ դատապարտել յոթ տարվա բանտարկության:

Նրանց բանտարկությունը բազմաթիվ երկրներ որակեցին որպես ոտնձգություն մամուլի ազատության նկատմամբ, այն Մյանմայում ժողովրդավարությանը վերաբերող հարցերի տեղիք տվեց: Ի պաշտպանություն լրագրողների, հանդես եկան ինչպես դիվանագետներ, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպություններ եւ նույնիսկ կրոնական գործիչներ: Երկու լրագրողներն էլ ընտանիք ու երեխաներ ունեն:

Reuters գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը հայտարարել է, որ լրագրողները, որոնք անցած ամսին հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակ են ստացել, դարձել են ազատ մամուլի խորհրդանիշներ: «Մենք չափազանց ուրախ ենք, որ Մյանման ազատ արձակեց մեր խիզախ թղթակիցներին»,- ասել է նա իր հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս