Բաժիններ՝

Որոնք են հայաստանցիների ամենանախընտրելի տուրիստական ուղղությունները

Ամռան արձակուրդային սեզոնին ընդառաջ շատերը սկսում են ծրագրել իրենց հանգիստը: Ոմանք նախընտրում են իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում, ոմանք՝ արտերկրում: Ո՞ր ուղղություններն են նախընտրելի հայաստանցիների համար և ո՞ր երկրներն են գրավում հայերին: Տուրիստական ընկերությունները «Արմենպրես»ի հետ զրույցում նշեցին, որ հայաստանցիների համար ամենանախընտրելի երկիրը Հունաստանն է: Շատերը հետաքրքրվում են հենց այդ ուղղությամբ: «Սպուտնիկ» տուրիստական ընկերության փոխտնօրեն Մերի Թովմասյանը նշեց, որ դա պատահական չէ:

«Չարտերային թռիչքները մեզ ազդեցություն ունեն այս հարցում: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանից թռիչքները շաբաթվա մեջ մի քանի անգամ են, հետևաբար մարդկանց ավելի հեշտ է այդ ուղղությամբ ճանապարհորդություն կազմակերպելը»,-ասաց Մերի Թովմասյանը:

«Լևոն Թրավըլ» ընկերության հաճախորդների շրջանում ևս ամենապահանջված ուղղությունը Հունաստանն է:

«Ե՛վ գնային առումով է այն հարմար, և՛ չվերթների հաճախակիությամբ: Մասնավորապես, հիմնական չվերթներին զուգահեռ սեզոնին գործում են նաև չարտերային չվերթներ, ինչը ընտանիքներով հանգստի մեկնելու համար շատ հարմար է: Հունաստանն առանձնանում է իր ծառայությունների որակով, ինչպես նաև ապահով երկիր լինելու հանգամանքով»,-ասաց ընկերության աշխատակից Ծովինար Մարտիրոսյանը:

Հունաստանից բացի մեր հայրենակիցները հետաքրքրված են դեպի Իտալիա, Իսպանիա ուղղություններով: «Հոթ տուրս» ընկերությունից տեղեկացրեցին, որ պահանջված է նաև Կիպրոսը, թեպետ, այն մի փոքր գնային առումով ավելին է Հունաստանից: «Ամեն դեպքում Կիպրոս ուղղությամբ հետաքրքրվողները ևս բավական շատ են, այս ուղղությամբ ևս չարտերներ լինում են, հետևաբար դա նպաստում է, որ մեր քաղաքացիները իրենց հանգիստը կազմակերպեն նաև այդ երկրում»,-ասաց ընկերության աշխատակիցը:

«Սպուտնիկ» տուրիստական ընկերության փոխտնօրեն Մերի Թովմասյանը նկատեց, որ ավանդական ուղղություններին զուգահեռ պահանջված ուղղություն է դառնում Խորվաթիան:

«Քանի որ եվրոպական երկրների դեպքում վիզաների մերժումը հաճախ է լինում, իսկ Խորվաթիայի պարագայում սեզոնին վիզա հարկավոր չէ, հետևաբար շատերը նախընտրում են նաև այս ուղղությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ոչ ավանդական ուղղություններին, ապա, թեպետ, ոչ շատ, սակայն հետաքրքրվողներ կան դեպի Ինդոնեզիա, Թայլանդ, Մալդիվներ, Զիմբաբվե տուրփաթեթներով:

Դեպի Եվրոպա ավանդական ուղղություններին զուգահեռ բավական մեծ պահանջարկ ունի Եգիպտոսը: « Go Travel» ընկերությունից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ պատճառները մի քանիսն են:

«Նախ մատչելի է, գումարած դրան հյուրանոցները բավական լավ ծառայություններ են առաջարկում: Վիզայի հետ կապված խնդիրներ չկան, ծովն էլ հրաշալի է, այնպես որ մեր մեծ թվով հաճախորդներ նախընտրում են Եգիպտոսը»,-ասաց ընկերության աշխատակիցը:

Տուրիստական ընկերություններից նկատեցին, որ վերջին տարիներին Հայաստանում ձևավորվում է այն մշակույթը, որ մեր քաղաքացիներն իրենց հանգիստը պլանավորեն նախապես: Արդեն գարնան ամիսներին հետաքրքրվում են ամռանը հանգիստը կազմակերպելու տուրիստական առաջարկներով:

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս