Հունաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտները հասել են ռեկորդային մակարդակի
Հունաստանում չորս տարվա ընթացքում ներգնա զբոսաշրջությունը աճել է ավելի քան 35 տոկոսով, իսկ այդ ճյուղից եկամուտներն անցյալ տարի հասել են 18,5 մլրդ եվրո ռեկորդային մակարդակին: Այդ մասին հայտնել է Հունաստանի զբոսաշրջության նախկին նախարար Ելենա Կունդուրան՝ ելույթ ունենալով նոր նախարար Ֆանասիս Տեոխարոպուլոսին գործերի հանձնման արարողությանը:
«2015 թվականի հունվարից մեր կառավարությունը Հունաստանը դուրս է բերել ճգնաժամից, եւ զբոսաշրջությունը հանգուցային դեր է խաղացել այդ նպատակի իրականացման գործում եւ աճին վերադառնալու ազգային ջանքերում»,-հայտարարել է նա:
Վերջին չորս տարվա ընթացքում ներգնա զբոսաշրջությունն աճել է ավելի քան մեկ երրորդով: 2018 թվականին Հունաստան է ժամանել ավելի քան 33 մլն օտարերկրյա հյուր:
«Հունական զբոսաշրջությունն աճել է 6,9 տոկոսով՝ 3,5 անգամ գերազանցելով երկրի տնտեսության աճի տեմպերը, որոնք կազմել են 2 տոկոս, եւ 2,4 տոկոսով՝ աճի եվրոպական տեմպերը: Հունաստանի տնտեսության մեջ զբոսաշրջության ընդհանուր ներդրումը կազմել է 37,5 մլրդ եվրո: Դա Հունաստանի համախառն ներքին արդյունքի 20 տոկոսն է, կրկնակի ավելի, քան աշխարհում միջինը»,-նշել է նախկին նախարարը:
Կունդուրան նաեւ հայտնել է, որ նախարարությունը ներգրավել է մի շարք նոր ներդրումներ՝ ավելի քան 400 ներդրումային նախագիծ՝ հյուրանոցներում եւ 55 հազար նոր աշխատատեղ՝ չորս եւ հինգաստղանի հյուրանոցներում՝ ամբողջ երկրում: Նաեւ նա կարծում է, որ հաջողվել է փոխել Հունաստանի նկարագիրը համաշխարհային տուրիստական ասպարեզում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: