
Դաշնակահար Իվո Պոգորելիչը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը:
Համերգային երեկոյին Պոգորելիչը կկատարի հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ:
Դեռևս քսանամյա Իվոյին դաշնակահարուհի Մարթա Արգերիխն անվանեց հանճար, որի համերգները հետագայում դարձան կուլտային և սենսացիոն: Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում` ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը:
Հայտնի են Պոգորելիչի բարեգործական և երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները: Նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում` Նյու Յորքի Քարնեգի Հոլում և Մանհեթենում, իսկ Փասադենայում անցկացվող «Իվո Պոգորելիչ» մրցույթը սահմանել է աննախադեպ 100,000 դոլար մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների:
Իվո Պոգորելիչն առաջին դասական երաժիշտն է, որին 1988 թվականին պատիվ է ընձեռնվել ստանալ ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպանի կոչումը:
2019 թվականը դաշնակահարի համար հոբելյանական է: Նա տոնում է ծննդյան 60 և ստեղծագարծական գործունեության 40-ամյակները:
Հոբելյանական շրջագայությանները կանցկացվեն Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին և գործունեությանը: