Բաժիններ՝

Ո՞վ կամ ի՞նչը վախեցրեց Փաշինյանին. Մեդվե՞դևը, թե՞ հայ գյուղացին

Մայիսի 4-ի երեկոյան «Սպայկա» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ 168.am-ի հետ զրույցում Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանն ասել էր, որ նրա հանդեպ հետապնդումը դադարեցված չէ. «Երբ հաշվարկներն ավարտվեն, այդ հարցի շուրջ համաձայնության գան, նոր միայն հետապնդումը կդադարեցվի»:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացմանը, որը 15 մլն դոլարի ներդրումային ծրագիր էր՝ 120 նոր աշխատատեղերով։ Այդ այցից ընդամենն օրեր անց, ապրիլի 8-ին, «Սպայկայի» սեփականատերը կալանավորվեց։ 

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Դ.Ղազարյանը չէր ընդունել առաջադրված մեղադրանքը՝ ՊԵԿ-ի հաշվարկն ուռճացված համարելով: Ղազարյանը պնդում էր, որ իր հանդեպ հետապնդում է իրականացվում։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները, ավելի ստույգ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Սպայկայի» սեփականատեր Դ. Ղազարյանից նպատակ ուներ կորզել ինչ-ինչ տեղեկություններ կամ անուններ, որը նրան այդպես էլ չի հաջողվել։ Եվ, ճարահատյալ, հաշվի առնելով, որ գյուղատնտեսական սեզոնը սկսված է, և գյուղատնտեսությունը կարող է լուրջ վնասներ կրել «Սպայկայի» չաշխատելուց, և հանրապետությունով մեկ բողոքի ակցիաներ կսկսվեն՝ թե ընկերության աշխատակիցների, թե գյուղացիների, ֆերմերների կողմից, հրահանգել է գրավի դիմաց ժամանակավոր ազատ արձակել։

Ի դեպ, Եվրասիական զարգացման բանկն այդ ընթացքում դադարեցրեց հայկական «Սպայկա» ընկերությանը 100 մլն դոլար վարկ տրամադրելու գործընթացը: ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆինանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին»։ Նա նաև հաստատել էր, որ մինչև քրեական գործի ավարտը ոչ մի գործընթաց չի կատարվի: «Սպայկան», և, հետևաբար՝ նաև երկիրը, վնասներ կրեց։ Վարկային այդ ծրագրով ներդրումները դադարեցվեցին։

Շուտով կսկսվի գյուղապրանքի մթերման գործընթացը, հունիսից էլ ծիրանի մթերումը։ Թարմ միրգ և բանջարեղեն արտահանող «Սպայկային» շուկայից դուրս մղելը, ինչպես պատկերացնում էին Փաշինյանը և նրա կողմնակիցները, հեշտ չի կարող լինել, դժվար է այդ տեղը գրավել, տարիներ են անհրաժեշտ, որպեսզի նման ընկերություն ստեղծվի, իրացման ցանց ստեղծի արտերկրում և գործունեություն ծավալի։ Կալանավորման օրերին, ի պատասխան ընկերության աշխատակիցների բողոքի ակցիաների՝ իշխանությունները հոխորտում էին՝ մեզ մի սպառնացեք, ուրիշ «Սպայկաներ»» կբացվեն… Իշխանամերձ շրջանակները նույնիսկ ինչ-ինչ անհայտ ու սուտ անուններ, տեղեկություններ շրջանառեցին, իբրև թե՝ շուտով գյուղմթերք կարտահանեն։ Բնականաբար, չբացվեցին։

Հետաքրքիրն այն է, որ հենց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 29-ի՝ Հայաստան կատարած այցից հետո Դ. Ղազարյանն ազատ արձակվեց։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ այդ մասին Փաշինյան-Մեդվեդև հանդիպման մասին խոսակցություն է եղել։ «Սպայկան» տարածաշրջանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգն է, որը նաև միջազգային բեռնափոխադրումների ոլորտում առաջատար հայկական ընկերություն է և մրգի ու բանջարեղենի խոշորագույն արտահանողն առաջին հերթին՝ դեպի Ռուսաստան, ապա՝ ԱՊՀ երկրներ և Եվրոպա:

Ոլորտի մասնագետներն օրեր շարունակ ահազանգում էին, թե երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այդ ընկերության աշխատանքների դադարեցումն ինչ վտանգների առջև կարող է կանգնեցնել՝ կոչ անելով առնվազն որևէ քայլ անելուց առաջ հաշվարկել՝ եթե «Սպայկան» մի քանի ամիս չաշխատի՝ ինչ ուղղակի ազդեցություն կունենա երկրի, գործարար միջավայրի, լոգիստիկ խնդիրների ու ընդհանրապես՝ ներդրումային միջավայրի վրա: Խնդիրն այն չէ, թե ինչպես է ստեղծվել «Սպայկան» և ինչպես է աշխատել, խնդիրն այն է, որ նրան փոխարինող ընկերություններ այս պահին չկան, քանի որ դա հսկայական ֆինանսներ և տարիների աշխատանք պահանջող գործընթաց է։

Փաշինյանի կառավարությունը, վստահաբար, հասկացավ, որ գյուղոլորտը կկանգնի իրական կրախի առջև. գյուղապրանքը բեռնատարներով կհասնի Վրաստան և փտած և վնասված վիճակում կվերադառնա Հայաստան, քանի որ ռուսական կողմը չի ընդունի՝ այն պարզ պատճառով, որ համագործակցային ցանց չի լինի, որն այս տարիների ընթացքում ձևավորել էր «Սպայկան»։ Իսկ որևէ նոր ընկերության՝ շուկա մուտք գործելու համար հսկայական ժամանակ է պետք։ Գյուղացին և նրա ստեղծած ապրանքը չեն կարող սպասել Փաշինյանի անձնական մոտիվացիաներով պայմանավորված գործողություններին, որոնք ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ են հետապնդում։ Ապրանքի վնասվելու դեպքում գյուղացին ոտքի կկանգներ ընդդեմ կառավարության։ Փաշինյանը հասկացավ, որ այդպիսով կարող է վտանգվել իր իշխանությունը։

Այնպես որ, գյուղատնտեսությունն ու երկրի, քաղաքացու շահն այլևս ոչ այնքան կարևոր են իշխանության համար, որքան իշխանությունը չկորցնելու հարցը։ Բոլոր քայլերն այժմ ուղղված էին դրա պահպանմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս