«Այդ գումարով իսպառ կարելի է լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը». Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին
Մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն՝ քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:
Նոր նախագծով Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ՝ 2500 դոլար, ճիշտ այնքան, որքան երկրի վարչապետի աշխատավարձն է։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ կստանան 641 հազար, վարչական շրջանների ղեկավարները 400 հազարի փոխարեն՝ կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ իր հերթին է աճելու. նախկին 1998 հաստիքի փոխարեն՝ 2124,5 հաստիք կունենան։
Ավելացած հաստիքներին ու աշխատավարձերի հնարավոր բարձրացմանը 168.am–ի հետ զրույցում անդրադարձավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Անհամաչափ է բարձրացվել՝ իրենցը՝ կրկնապատիկ, ցածր ու միջին օղակներինը՝ 20-30 տոկոս։ Քաղաքապետի բուն աշխատակազմն էլ ավելի է ուռճացվել. տասնյակներով նոր հաստիքներ են ավելացվել»,- մեզ հետ զրույցում ասում է Խաժակյանը։
Խաժակյանը նկատում է, որ այդ ամենն արվում է Երևանի բյուջեի հաշվին ու հաշվում հարկատուների վրա այս ծախսի էֆեկտը.
«Հարկատուների վրա քաղաքապետարանի աշխատակազմի վրա ծախսվող գումարը շուրջ 2 միլիարդ դրամով աճում է, ինչն արդարացված չէ, որովհետև այդ գումարով իսպառ կարելի է լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը»։
Զարուհի Դիլանյան