«Հենց որոշումը ստանանք, կկարողանանք գնահատել». Փաստաբանները՝ դատավորի ինքնաբացարկի մասին
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը քննելու համար էլեկտրոնային վիճակահանությամբ ընտրված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին տեղեկությունը հաստատել են դատական դեպարտամենտից։
«Հենց որոշումը ստանանք, կկարողանանք գնահատել. քանի դեռ չկա որոշում, չենք տեսել ինչ հիմքով է, կդժվարանամ ինչ-որ բան մեկնաբանել»,- 168.am-ի հետ զրույցում դատավորի ինքնաբացարկին անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
«Այդ մասին որոշում դատարանի կողմից դեռ չենք ստացել, բայց եթե դատարանը նման որոշում կայացրել է, ուրեմն Քրեական դատավարության կամ Դատական օրենսգրքում առկա հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը եղել են։ Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- տեղեկացրեց Արմեն Գևորգյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ի դեպ, դատավորի ինքնաբացարկ հայտնելու հիմքերի մասին որևէ տեղեկություն չկա, իսկ գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրման:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել էր: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և գործի քննությունը մակագրվել էր դատավոր Վարդան Գրիգորյանին:
Զարուհի Դիլանյան