Չինաստանի շուկաները փլուզվել են մաքսերի աճի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո
Մայրցամաքային Չինաստանի ֆոնդային շուկաներում սակարկությունները փակվել են հիմնական ինդեքսների անկմամբ՝ մայիսի 10-ից չինական ապրանքների մաքսերը բարձրացնելու ծրագրերի մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հեիտո: Շանհայի եւ Շենչժենի սակարանների կայքերի տվյալների համաձայն՝ այդ հարթակների հիմնական ինդեքսները կտրուկ նվազել են համապատասխանաբար 5 եւ 7 տոկոսով:
Shanghai Composite ինդեքսը, որն արտացոլում է Շանհայի ֆոնդային սակարանի իրադրությունը, նվազել է 5,58 տոկոսով՝ մինչեւ 2906,46 կետ, ինչը դարձել է վատթարագույն ցուցանիշը 2016 թվականի փետրվարից ի վեր: Ֆոնդային շուկայում 50 խոշորագույն եւ առավել լուծարուն ընկերությունների «A» դասի բաժնետոմսերի առեւտրի մասին տվյալները միավորող SSE-50 ինդեքսը նվազել է 4,76 տոկոսով:
Առեւտրական օրվա արդյունքներով բոլոր հանգուցային «երկնագույն հաշվենիշերի» բոլոր հիմնական ամփոփիչ ինդեքսները հայտնվել են բացասական գոտում: Ամենամեծ կորուստներն արձանագրվել են այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են հեռահաղորդակցական (9,81 տոկոս) եւ տեղեկատվական (8,26 տոկոս) տեխնոլոգիաները, 6 տոկոսից բարձր անկում է արձանագրել արդյունաբերական ինդեքսը:
Անկում է գրանցվել նաեւ Շենչժենի հարթակում: Shenzhen Component հանգուցային ինդեքսն օրվա արդյունքներով իջել է 7,56 տոկոսով՝ մինչեւ 8943, 52 կետ: Երկու հարթակների համար ընդհանուր CSI300 ինդեքսը, որը ներառում է առավել խոշոր ընկերությունների գնանշումները, սակարկությունների ավարտին նվազել է 5,84 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: