Բաժիններ՝

«Նպաստառու 6 մարդ ամիսը 1 մլն դրամ և ավելի վարկ է մարում». Զարուհի Բաթոյան

«Վարկեր մարող նպաստառուներին նպաստից զրկելու որոշում դեռ չի կայացվել: Վարչապետի հանձնարարությամբ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Մենք հստակ չափորոշիչներ պետք է ունենանք, ամբողջ համակարգը պետք է վերանայվի»,- պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վարչապետի նշած 11 հազար 281 վարկեր մարող նպաստառուները զրկվելու են նպաստից:

Նա նշեց, որ այս պահին ուսումնասիրում են և մինչև սեպտեմբեր ամբողջ համակարգը կվերանայեն, որտեղ նաև կներառվի վարկեր ունենալու փաստը:

Զարուհի Բաթոյանի կարծիքով՝ շատ կարևոր է այս հարցում անհատական մոտեցումը՝ անհատական աջակցման մեթոդը:

«Եթե նպաստառուն վարկը վերցրել է առողջական խնդիրների լուծման համար կամ որևէ այլ դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառով, սա այլ տարբերակ է, բայց եթե կան մարդիկ, որ իսկապես չարաշահելով՝ օգտվում են նպաստի համակարգից և միևնույն ժամանակ ամսական 1 մլն դրամից ավելի վարկ են մարում, սա այլ հարց է: Այսինքն, ընդհանուր, համահարթ մոտեցում չի լինելու, դա լինելու է հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում»,- նշեց նախարարը:

Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ՝ 6 նպաստառու ամիսը 1 մլն դրամ և ավելի վարկ է մարում:

«Թե ովքե՞ր են և ինչպե՞ս են փակում, չեմ կարող ասել: Մենք անձնավորված տեղեկություններ չունենք և դրա իրավունքը չունենք, մեզ պարզապես թվային տեղեկատվություն է տրամադրել Կենտրոնական բանկը»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է փակում: «Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք՝ 400 հազար, ոմանք՝ մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-40 հազար դրամ են ստանում՝ որպես սոցիալական աջակցություն: Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ»,- հայտնել էր վարչապետը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս