Դատավորի ինքնաբացարկի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դեռ չի ստացել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանի կողմից հայտնված ինքնաբացարկի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դեռ չի ստացել:

Այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը:

Ինչ վերաբերում է դատավորի հայտնած ինքնաբացարկի հիմքերին, ապա Առաքելյանի խոսքով՝ այս պահին հիմքերի մասին ոչինչ չեն կարող հայտնել, որոշումը ստանալուց հետո միայն պարզ կլինի:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել և 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը, քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Մինչ այդ՝ ապրիլի 22-ին, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։

Գործը մակագրվել էր դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին։

Դատական տեղեկատվական համակարգում այս գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ հրապարակված եզրակացության մեջ ասված է.

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները»։

Տեսանյութեր

Լրահոս