«S-400 համակարգերի գնումը Թուրքիայի ազգային որոշումն է, բայց…». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 6-ից 7-ը Թուրքիա կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նա հատուկ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «S-400» համակարգերի գնման թեմային:
«Զենք-զինամթերքի ձեռքբերման հարցը լուծվում է երկրների ազգային որոշումներով, սակայն օպերացիաներ և առաքելություններ իրագործելու տեսանկյունից դաշնակից երկրների զինված ուժերի համատեղ աշխատանքի կարողությունը ՆԱՏՕ-ի համար հիմնարար սկզբունք է», -նկատել է տվել Ստոլտենբերգը:
Նշենք, որ ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման թեման ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել: ԱՄՆ-ն անցանկալի է համարում Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը՝ Անկարային հորդորելով հրաժարվել այդ գործարքից: ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ գործարքից չհրաժարվելու դեպքում Անկարան կարող է հայտնվել Վաշինգտոնի պատժամիջոցների թիրախում, որոնք կարող են արտահայտվել ընդհուպ մինչև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելով:
Թուրքիան էլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քանիցս հայտարարել է, որ գործարքն արդեն կայացած է և իրենք ոչ մի դեպքում չեն պատրաստվում հրաժարվել դրանից: