Բաժիններ՝

Արման Բոշյանը նախարարության կադրային քաղաքականությանն է միջամտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատակազմի մի մասը, պարզվում է, կառավարվում է դրսից: Այս անձանց քանակը թեև մեծ չէ, սակայն պաշտոնի բերումով նրանք էական մաս են կազմում համակարգի ներսում: Ոլորտը ստվերային կառավարող անձը հատուկ է ընտրել որոշում ընդունողներին, որպեսզի ցանկալի դեպքերում՝ իր պահանջով այս մարդիկ ի զորու լինեն իրադրություն փոխել այնպես, ինչպես կհրամայվի:

Ի դեպ, նախարար Զարուհի Բաթոյանը ստանդարտ-«Իմ քայլ»-ական չինովնիկի պես միայն հների շողքից է լարվում, մինչդեռ իրեն խանգարող անձը հենց իր հեղափոխական քայլողների թիմից է:

Ավելին, Արման Բոշյանը համարվում է նախարար Բաթոյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) նախկին պետի հետ քայլարշավից առաջ էլ եղել են մտերիմ ընկերներ:

Նախարարության ներսում պատմում են, որ նույն մտերմությունը նրանց միջև պահպանվել է նաև համակարգում եղած շրջանում, դրանից հետո՝ ԱԺ-ից, և այնքան ժամանակ, քանի դեռ Արման Բոշյանն ակնհայտորեն չէր միջամտում նախարարության կադրային քաղաքականությանը, վարչապետի մոտ ոլորտից հակասական ինֆորմացիայի արտահոսք չէր անում:

Իսկ այն, որ Բոշյանը վարչապետ Փաշինյանի ամենահավատարիմ ու հուսալի չորս կուսակիցներից մեկն է համարվում, թերևս գաղտնիք չէ շատերի համար: Կարելի է ենթադրել, որ այս վստահությունն էլ գուցե չարաշահվում է այսօր ինչ-ինչ դեպքերում, միայն թե Բոշյանն ընկերներին գործի «խցկի» պետական ներկայացուցչական պաշտոններում: Խոսքն իր ձեռամբ սոցիալական ոլորտ բերված որոշ երիտասարդների մասին է:

Բոշյանը, ըստ մեր աղբյուրի, այս օրերին ագրեսիվ դիմակայության մեջ է նախարար Զարուհի Բաթոյանի և Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) ներկայիս պետ Սուրեն Ղամբարյանի հետ պայքարում:

Վերջինները հրաժարվում են աշխատել Բոշյանի երաշխավորած կադրերի հետ, որոնց թույլ ու անբան լինելն աչք է ծակել դեռևս ամիսներ առաջ:

Ասում են՝ Բաթոյանն ամեն կերպ փորձում է ձերբազատվել Բոշյանի «կտակած» կադրերից, նրանք բավականին լուրջ պաշտոններ են զբաղեցնում համակարգում:

Ինքնապաշտպանության համար, ասում են, գործի են դրվել տարբեր հնարքներ, ընդհուպ՝ լրացուցիչ ժամկետներ են խնդրել: Եվ ամենաուշագրավն այստեղ ՀՀԿ-ական կլանին նմանվող հեղափոխականների վարքագիծն է, Բոշյանի պայքարի ետևում անձնական շահադիտական հաշվարկներ են թաքցված:

Մեր աղբյուրի պնդմամբ՝ Բոշյանը ձգտում է այլոց դեմքով օգտվել նախարարության գնումների գործընթացում ներգրավվելու շանսից, սև գործի համար է փորձում լծակներ պահել նախարարության ներսում: Ի դեպ, մեկ գրանցված հաջողության դեպք, ասում են, առկա է: ՍԱԾ պետի տեղակալ Արսեն Օհանյանի օգնությամբ է գործը գլուխ բերվել: Ավելին հայտնել՝ մեր աղբյուրը խոստացավ առաջիկա օրերին: Արսեն Օհանյանի էքսցենտրիկ վարքագծին ու ՍԱԾ-ում՝ նրա «խիզախությանը» կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ:

Հիշեցնենք, Արման Բոշյանը հեղափոխությունից հետո Սոցիալական ապահովության ծառայության պետ նշանակվեց՝ փոխարինելով ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին:

Բոշյանի պաշտոնավարման օրոք սոցիալական պաշտպանության ոլորտի նախարարը Մանե Թանդիլյանն էր, Զարուհի Բաթոյանն այդ շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ էր աշխատում: Խորհրդարանական ընտրություններից հետո Թանդիլյանն ու Բոշյանը սոցիալական պաշտպանության ոլորտի ահռելի պատասխանատվությունը ցած դրեցին իրենց ուսերից՝ պաշտոնները փոխելով նույնքան աշխատավարձով անհամեմատ անհոգ մանդատի հետ:

Իսկ ի՞նչ է արել Բոշյանն այդ 6 ամիսներին, կամ ինչպե՞ս է հաջողել Թանդիլյանի հետ համատեղ աշխատանքում, համենայնդեպս առարկայական ոչինչ չի նշմարվում: Միակ միտքը, որով Բոշյանն այդուհանդերձ հասցրել է «փայլել», դա իր ղեկավարած հեգեմոն կառույցի կրճատման գաղափարը կառավարության օրակարգ մտցնելն էր:

Կառավարության առաջարկած կառուցվածքային փոփոխությունների համատեքստում ինքն ու Մանե Թանդիլյանը սղոցն առած՝ մի շրջան ընկել են նախարարության ենթակա կառույցների ետևից, լայնածավալ կրճատումների սցենարի համար առաջինը հենց այս դուետն է ինքնառաջադրվել գործադիրի կազմում, ընդ որում՝ Ֆինանսների նախարարության հետ միայն մեկ քննարկումով եկել են այն եզրահանգման, որ նախարարության մի քանի ծառայություններ ուղղակի պետք է հանել արանքից, և վերջ:

Քննարկման փուլում ամենաչմարսվողը, թերևս, ՍԱԾ-ի լուծարումն է եղել, խորհրդարանական ընտրություններից հետո, երբ այս երկուսը մանդատները նախընտրեցին ու խորհրդարան մտան, Զարուհի Բաթոյանի միջոցով Կառավարության ներսում, հետագա քննարկումների արդյունքում, գրեթե ամբողջությամբ նրանց ձեռնարկած քայլերն ավելորդ դարձան: Բաթոյանը, ասում են, այնուամենայնիվ, նախարարության հնաբնակների հետ միասնական դարձած՝ հասավ այն բանին, որ թիմակիցների աբսուրդային նախաձեռնությունները Կառավարությունը չեղարկի:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս