«Շփման գծում երկարատև խաղաղություն այս բանակցային իրավիճակում հնարավոր չէ»․ Խրամչիխին
«ԼՂ հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքը կա մշտապես, և լայնածավալ բախումներ կարող են լինել ցանկացած պահի, քանի որ կողմերն իրական պրոցեսի, որը կուղեկցվի զիջումներով և արդյունքում՝ կարգավորմամբ, պատրաստ չեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակին։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, վերջին շրջանում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես՝ ինժեներաամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ՝ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիսարևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգներից արձակել է շուրջ 330 կրակոց»,- նշված էր Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից:
Նշենք նաև, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային վերջին ամիսների ընթացքում շփման գիծը համեմատաբար խաղաղ իրավիճակում է եղել։
Խրամչիխինն ասաց, որ իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության գոտում սպասվելիք իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել։ Ըստ նրա, դժվար է պատկերացնել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակ՝ առանց լարվածության բռնկումների և նույնիսկ ռազմական գործողությունների։
Նրա խոսքով՝ բանակցությունները միշտ դրական են՝ նկատի ունենալով կողմերի միջև շարունակվող կապը։ Բայց, ըստ նրա՝ կողմերն իրենց իրարամերժ հայտարարությունները չեն փոխել նույնիսկ ղեկավարների և նախարարների մակարդակով հանդիպումներին զուգահեռ, ինչը նշանակում է, որ կողմերը լուրջ առաջընթաց չեն արձանագրում բանակցային գործընթացում։
Ռուս ռազմական փորձագետը հիշեցրեց նաև հայկական կողմի փոխված ռազմական բանաձևը, որը հայտարարվեց վերջերս։
Խրամչիխինի դիտարկմամբ՝ ինչպես միշտ, կողմերը հանդիպում են առանց կոմպրոմիսի ցանկության, առանց իրապես բանակցելու պատրաստակամության, ինչը ենթադրում է միայն կողմերից մեկի կապիտուլյացիա, սակայն դրան պատրաստ չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։
«Ուստի ես կարծել ու կարծում եմ, որ շփման գծում երկարատև խաղաղություն այս բանակցային իրավիճակում հնարավոր չէր։ Պարզապես կան գործոններ, որոնք ներկայումս անհնար են դարձնում պատերազմական գործողությունների նախաձեռնումը, ուստի կողմերը գնում են այս ճանապարհով, բայց պատերազմի սպառնալիքը կա մշտապես, և լայնածավալ բախումներ կարող են լինել ցանկացած պահի, քանի որ կողմերն իրական պրոցեսի, որը կուղեկցվի զիջումներով և արդյունքում՝ կարգավորմամբ, պատրաստ չեն։ Մյուս կողմից՝ ներկայիս իրավիճակը ձեռնտու է միայն Հայաստանին, և Հայաստանը կարող է հետաքրքրված լինել ստեղծված իրավիճակի երկարաձգմամբ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, միևնույն ժամանակ Ադրբեջանին ռազմական գործողություններից ետ է պահում ռազմական ներուժը և արտաքին գործոնները։ Ուստի պետք չէ զարմանալ, երբ լինում են իրավիճակի փոփոխություններ շփման գծում»,- ասաց Խրամչիխինը։