«Մարտի 1-ի դատավարությամբ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է  այն բոլոր ուժերին, որոնք կարող են իրենց դեմ լինել». Վոլոդյա Հովհաննիսյան

ՀՀ Զինված ուժերի պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարող է փոխել միայն Վազգեն Մանուկյան ակտիվացող քաղաքական գործոնը, քանի որ Վ. Մանուկյանը մեծ հեղինակություն է վայելում զինվորականների ու տարբեր քաղաքական գործիչների շրջանում։

«Մենք գիտենք, որ այսօր Հայաստանն ընկել է արտաքին ուժերի կառավարման տակ, և աստիճանապար կորցնում ենք մեր ինքնուրույնությունը։ Հայաստանի վիճակն այսօր սարսափելի է, ինքս քննադատել եմ Սերժ Սարգսյանին և ողջունել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, քանի որ մեծ հույսեր ունեի, բայց տեսնում եմ, որ ոչ թե նոր քաղաքական ուժ եկավ, այլ նոր անձ, որը ձգտում է բացարձակ իշխանության և չունի այն փորձառու քաղաքական թիմը, որը կարող էր լինել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նրա բնորոշմամբ, կառավարման և առաջնորդման բարդ սկզբունքներում Փաշինյանը դեռևս առաջնորդ է՝ կառավարիչ չի դարձել, քանի որ չստեղծեց սեփական էլիտան, որի բացակայությունը բերում է պետականության թուլացման։

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության և նրա գործով տեղի ունեցող դատական գործընթացների մասին, գնադապետը շեշտեց, որ դա վենդետա է։

«Ասել եմ ու կասեմ, «Մարտի 1»-ի դատավարությամբ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է  այն բոլոր ուժերը, որոնք կարող են իրենց դեմ լինել։ Իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել եմ այն կադրը, որտեղ մարտի 1-ին հրաման է տրվում ժողովրդի միջից կրակել ոստիկանության ուղղությամբ, այնտեղ հստակ լսվում է այն մարդու ձայնը, որը կրակելու հրաման է տալիս և ոստիկաններին անվանում «ղզիկներ». այդ մարդու ձայնը լսվում է, նա Նիկոլ Փաշինյանն է։ Մեծ կարողություններ պետք չեն ասելու համար, թե ով էր փորձում պետական հեղաշրջման փորձ անել։ «Մարտի 1»-ի դատավարությունն ընթանում է քաղաքական ոչնչացման սկզբունքով, չգիտեմ՝ մեր դատավորներն արդյո՞ք կամք կունենա արդար դատավարություն անելու»,- նշեց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նման է «բոլշևիկյան հեղափոխությանը», միայն մեկ տարբերություն կա՝ հեղափոխությունից հետո բոլշևիկները զոհերի գնով Ռուսաստանը ոտքի կանգնեցրին, իսկ Հայաստանում հեղափոխության բերած «չարիքներից» ժողովուրդը չի կարողանալու ոտքի կանգնել։
«Ամբողջ աշխարհում շոուն շարունակվում է, ինչ է եղե՞լ, որ Հայաստանում չշարունակվի»,- ընդգծեց գնդապետը։

Անդրադառնալով մարտի վերջին Մեղրիի զորամասում գրանցված միջադեպին, երբ մի շարք զինծառայողներ լքել էին զորամասը, գնդապետն ասաց, որ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպաներն ու գեներալները «մկների նման կերել են բանակը»։

«Նա հոխորտաց Հայոց բանակի վրա, այդ հոխորտանքից հետո բանակում ամեն ինչ էլ հնարավոր է»,- եզրափակեց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս