
Արարատի մարզում նկատում է գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունների հաշվեկշռվածություն. Տիգրան Խաչատրյան

Արարատի մարզում գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունների հետաքրքիր համադրությունը պետք է ստիպի չբացառել որևէ հնարավորություն դրանց զարգացման համար:
Արտաշատում «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում անցկացվող «Իմ քայլը հանուն Արարատի մազի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Արարատի մարզում առկա է շատ հետաքրքիր հաշվեկշռվածություն` գյուղատնտեսական գործունեության, արդյունաբերական գործունեության, նաև տուրիզմի զարգացման, որը ծառայությունների այն բնագավառն է, որ մենք տեսնում ենք Հայաստանում որպես տնտեսական զարգացումների մի ուղղություն:
Մարզի հողերի 74 տոկոսից ավելին գյուղատնտեսական նշանակության են: Եվ այս հողերի մշակման հարցում ձևավորվում է նոր մշակույթ, որոնք խոստանում են շատ մեծ արդյունավետություն ու հնարավորություններ գյուղատնտեսության զարգացման հարցում»,-ասաց նախարարը:
Խաչատրյանի խոսքով` մարզում շատ այգիներ մշակվում են ինտենսիվ եղանակով և կան հողատարածքներ, որոնք կաթիլային ոռոգման եղանակով են մշակվում:
Նրա կարծիքով` տեխնոլոգիական նորարարությունները պետք է լուծեն ամենակարևոր խնդիրը` Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում արտադրողականության բարձրացման հարցը:
«Ես կարծում եմ, որ մարզում առկա այն համադրությունը` և գյուղատնտեսական, և արդյունաբերական գործունեության բնագավառում, մեզ պետք է ստիպի մտածել լայն, չբացառել որևէ հնարավորություն, որ կարող ենք ունենալ և գյուղատնտեսական, և արդյունաբերական գործունեությունների զարգացման ուղղությամբ»,- ասաց Խաչատրյանը: