«Կարևորը՝ էլեկտրականությունը տան». Շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները դեռ սպասում են Կառավարության քայլին
Մայիսի 2-ին շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին, որպեսզի բոլոր 47 շրջիկ կետերը թույլտվություն ունենան աշխատելու, մինչ օրենքը կկարգավորվի:
«Թող նաև թիվ սահմանվի, օրինակ, նշվի, որ Կենտրոնում թույլատրվում է նշված թվով շարժական սրճարաններ»,- առաջարկեցին շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները:
Նրանք հայտարարել են նաև, թե կասկածելի տվյալներ կան, որ շարժական սրճարանների ոլորտում մոնոպոլիա է ձևավորվում:
Երեկ բողոք-ակցիայի վերջում հանդիպում կայացավ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ով խոստացել էր փոխանցել Փաշինյանի պատասխանը՝ կապված էլեկտրաէներգիայի հարցի հետ:
«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս կառավարությունից պատասխան չեն ստացել: «Կարևոր է, որ արձագանքեն Կառավարությունից, էլեկտրականությունը տան և մնացած կարգավորումների քննարկումները շարունակեն մեզ հետ»,- նշեց Արեն Մելիքյանը:
Ավելի վաղ «Շարժական սրճարանների միության» հիմնադիրը մեզ հայտնել էր, որ բոլորն այժմ գեներատորներով են աշխատում, հոսանք չունեն:
«Անհիմն եկել, անջատել են: Ո՛չ թույլտվություններն են հաշվի առել, ո՛չ էլ ՀԷՑ-ի հետ կնքած պայմանագրերը: Հիմա քաղաքապետարանը ՀԷՑ-ի վրա է գցում, ՀԷՑ-ն էլ՝ քաղաքապետարանի: Իրենց նպատակն էր՝ սաստեն մարդկանց, որպեսզի շրջիկ առևտրի կետերը չավելանան: Մենք մեր միության ուժերով անհամապատասխան տեղերում գտնվող կամ ոչ համապատասխան տեսք ունեցող կետերը, որոնք թիրախավորվել էին Քաղաքապետարանի կողմից, հորդորեցինք, որ հանեն: Դրանք թվով 9-ն էին»,- մանրամասնել էր Արեն Մելիքյանը:
Մեր դիտարկմանը՝ Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ շարժական մեքենան որևէ լարանցում չպետք է ունենա, «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը պատասխանել էր.
«Եթե իրենք ուսումնասիրեն միջազգային փորձը՝ կտեսնեն, որ այդպես է: Առանց շարժիչի տրեյլերները կանգնած են Հոնկոնգում, Դուբայում, հոսանքները լարով քաշած՝ մարդիկ աշխատում են: Իսկ այն, որ Երևանի քաղաքապետն ասում է՝ պետք է առևտրի կետը շարժական լինի, դա ուղղակի աբսուրդ է, իրեն ուրիշ ձև են ինֆորմացրել: Շարժական հնարավոր չէ, որովհետև, եթե կայանման խնդիր կա, ո՞նց ես կարողանալու գալ ու տեղ գտնել: Գալիս, տեսնում ես՝ տեղդ զբաղված է, երկրորդ տեղն ես ման գալիս, դա էլ է զբաղված լինում, ու ամբողջ օրդ կորչում է, ավելին՝ խցանում ես ստեղծում։ Ու եթե շրջիկ առևտրի կետի համար տեղ պետք է որոշվի, էլ ի՞նչ իմաստ ունի անընդհատ տանելն ու բերելը»:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, թե քաղաղաքապետարանն ամեն կերպ ուզում էր տնտեսվարողների համար խոչընդոտ հանդիսանալ: «Քանի որ օրենքում կա բաց ու չի կարող խոչընդոտ հանդիսանալ, հետևաբար՝ որոշել են այսպես վարվել՝ դիմել ՀԷՑ-ին, որպեսզի հոսանքազրկի տվյալ օբյեկտները:
Վատն այն է, որ մարդիկ են եղել, ովքեր ՀԷՑ-ի հետ պայմանագիր են ունեցել, բայց նրանց հոսանքն էլ են անջատել, ու սա՝ այն դեպքում, երբ քաղաքապետարանը շրջիկ առևտրով զբաղվողների վերաբերյալ նախագիծ է մշակել, ուղարկել Կառավարություն: Այսինքն՝ չեն կարողանում 1-2 ամիս սպասել, հապշտապ սկսել են գործել ու մարդկանց զրկել են օրվա հացից»,- նշել էր ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Նրա փոխանցմամբ՝ շրջիկ առևտրի կետերի թիվն օր օրի ավելանում է՝ անձրևից հետո աճող սնկերի պես:
«Կան հետաքրքիր լուծումներ ունեցող շրջիկ առևտրի կետեր, և կան այնպիսիք, որ տգեղ են, օրինակ՝ «Երազը» բերել ԱԳՆ-ի դիմաց կանգնեցրել են, սակայն, կարծում եմ, որ գոնե կրեատիվների դեպքում կարող էին համաձայնության գալ, ոչ թե պատժամիջոցներ կիրառեին, այն դեպքում, երբ օրենքը գտնվում է մշակման փուլում: Այստեղ Քաղաքապետարանի մեղքն է, տվյալ հարցը, 2-3 ամիս է՝ շրջանառության մեջ է, ու իրենք այսքան ձգձգեցին, փետրվարի վերջին նոր նախագիծը կառավարություն են ներկայացրել: Սա անհանդուրժողականություն է քո քաղաքացիների հանդեպ, կարելի էր թույլ տալ, որ 2-3 ամիս աշխատեին, մինչև օրենքը կմտներ ուժի մեջ: Մարդիկ հոսանքի, կարմիր գծերի համար գումար են վճարել, իրենց չեն կարող ձեռք տալ: Խփում են մարդկանց գրպանին, ովքեր 2 կոպեկ փող են աշխատում՝ իրենց ընտանիքը պահելու համար: Մեր քաղաքային իշխանություններին հարիր չէ նման քայլի գնալը»,- հավելել էր Միքայել Մանրիկյանը:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ քաղաքապետարանում բազմաթիվ քննարկումներ են եղել հարցի հետ կապված:
«Որոշել են բոլորին հանել, մինչև օրենքն ուժի մեջ կմտնի ու աճուրդ կլինի: Բայց այստեղ խնդիր կա. օրինակ, աճուրդին կարող է մասնակցել հարուստ կազմակերպություն, և եթե, ասենք, Կենտրոնում 30 տեղ է հատկացվում, կարող է 30 տեղի տենդերը հաղթի՝ տարբեր մարդկանց ներգրավելով, ու փոքր տնտեսվարողներն ավտոմատ դուրս են մնում»,- մանրամասնել էր Միքայել Մանրիկյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Քաղաքապետարանի «Առևտրի վարչությունն» ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից:
Անի Կարապետյան